Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Հայաստանը պետք է վերջ տա սադրիչ գործողություններին»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվային լուսանկար
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվային լուսանկար
Երեքշաբթի երեկոյան Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում պատվիրակների հարցերին պատասխանելով` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի մոտալուտ վերագործարկմանը:

«Նման սադրանքները չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Դրանք սադրիչ գործողություններ են` իրականացված Հայաստանի կողմից, որոնց պետք է վերջ տրվի: Դա կնպաստի նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ բանակցությունների խթանմանն ու առավել արագ ընթացքին», - նշեց Թուրքիայի արտգործնախարարը:

Դավութօղլուն Ստրասբուրգում ամփոփում էր Եվրախորհրդի նախարարների կոմիտեի թուրքական նախագահության արդյունքները:

Զեկույցին հետեւած հարցուպատասխանի ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չխուսափեց սուր հարցերից, որոնցից մեկի հեղինակը «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանն էր: «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան զավթել է Արեւմտյան Հայաստանն ու Հյուսիսային Կիպրոսը` տեղահանելով այս շրջանների բնիկ ժողովուրդներին: Ի՞նչ եք ձեռնարկել Նախարարների կոմիտեն ղեկավարելու ընթացքում, որպեսզի թուրքական կառավարությունն առաջին քայլերն անի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև վերացնի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը», - դիմելով Դավութօղլուին` հարցրեց Փոստանջյանը:

«Ես չգիտեմ ինչ պատասխանել, քանի որ սա միակողմանի, թղթից ընթերցված հայտարարություն էր, որը կրկնում է բազմիցս հնչեցված մեաղադրանքները: Կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե դուք միջազգային իրավունքի նորմերին ծանոթանայիք` հասկանալու համար, թե ինչով է զբաղված եւ ինչպես է գործում այս կառույցը, ինչպես նաեւ դա ձեզ թույլ կտար հասկանալ, թե ինչով են մեղադրանքները տարբերվում փաստերից», - ասաց Թուրքիայի արտգործնախարարը:

Նշելով, թե որպես գիտնական պատրաստ է քննարկել պատմական իրողությունները, Դավութօղլուն հավելեց. - «Հայ եւ թուրք ժողովուրդների համար ավելի լավ կլինի, եթե ստեղծվի պատմաբանների համատեղ հանձնաժողով: Մենք առաջարկել են սա դեռ 2005 թվականին: 2005-ից ի վեր մենք դրական պատասխան ենք սպասում, որպեսզի սկսենք համատեղ կերպով` երրորդ կողմի մասնակցությամբ, քննել պատմական իրադարձությունները` հիմնվելով արխիվային փաստերի, այլ ոչ թե միակողմանի հիշողությունների վրա»:

«Մենք ձեզ խնդրում ենք` եկեք համատեղ ուժերով քննենք պատմությունը: Հույս ունեմ, որ երկու կողմից էլ նոր սերնդի ներկայացուցիչները ի վերջո կկարողանան միասնաբար կիսել անցյալի ցավերը` այդ իրադարձությունները քաղաքական նպատակներին ծառայեցնելու փոխարեն», - հայտարարեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG