Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ի գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվել է


«Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի խմբագիրներ Արմինե Օհանյան եւ Արման Բաբաջանյան
«Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի խմբագիրներ Արմինե Օհանյան եւ Արման Բաբաջանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի չի զարմացրել այն, որ դատարանը որոշել է հանել օրաթերթի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ դրված արգելանքը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմինե Օհանյանն ասաց, թե «արտառոցը» ի սկզբանե իրենց միջոցների վրա արգելանք դնելն էր:

Դատարանը վերջերս Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջնորդությամբ «Հրապարակ»-ի գույքն ու դրամական միջոցներն արգելանքի տակ առնելու որոշում էր կայացրել` որպես հայցի ապահովման միջոց, քանի որ Քոչարյանը նույն հայցով նաեւ հերքում ու 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում փետրվարին թերթում «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրում» հրապարակմամբ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար:

«Հրապարակի» խմբագիրը, հայտարարելով, որ այդ արգելանքով ուղղակի կարող է կասեցվել թերթի տպագրությունը, նույն դատարանին անմիջապես միջնորդեց հանել այն: Սակայն միեւնույն ժամանակ Օհանյանը առանձնապես ոգեւորված չէր այս որոշումից` այն որակելով խորամանկություն:

«Այս միջնորդության բավարարումը տարրական խորամանկությունների շարքից է, որ դատական համակարգը սովորաբար կիրառում է: Ընթացքում, դատական պրոցեսի ժամանակ դատավորը կարող է շատ բարեկիրթ լինել, շատ բարեհաճ լինել, փոքրիկ միջնորդությունները բավարարել, որպեսզի բթացնի զգոնությունը, ցույց տա, որ ինքը օբյեկտիվ է եւ վերջում, վճռի ժամանակ, երբ արդեն գալիս է արդարադատություն իրականացնելու պահը, կարող է սյուրպրիզ անել` ոչ իրավական, ապօրինի վճիռ կայացնելով», - ասաց Օհանյանը:

Ռոբերտ Քոչարյանի 6 միլիոն դրամի հայցապահանջում, ըստ Արմինե Օհանյանի, 3 միլիոնը վիրավորանքի եւ զրպարտության դիմաց փոխհատուցումն է (տուգանքի` օրենքով նախատեսված առավելագույն չափը), 3 միլիոն էլ հաշվարկվել են դատական ծախսերը: Օհանյանը դատական ծախսերի համար պահանջվող գումարը «ֆանտաստիկ» որակեց:

«Մեր փաստաբաններից քանի՞սն են, որ իրենց պրակտիկայի ընթացքում մեկ դատական գործի ժամանակ որպես հոնորար ստացել 3 միլիոն դրամ: Այդպիսի բան չեք հանդիպի», - ասում էր Օհանյանը:

Ներկայումս նախկին նախագահի ընտանիքը նաեւ «Ժամանակ» օրաթերթի հետ է դատական վեճերի մեջ` եւս 6 միլիոն դրամի փոխհատուցման պահանջով: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե եթե դատարանը բավարարի հայցերը, նախկին նախագահն ինչպես է ծախսելու այդ գումարները, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կրկին շեշտեց, որ դրամական տույժեր նշանակվելու դեպքում այդ գումարները փոխանցվելու են կա´մ մանկատներից մեկին, կա´մ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Հրապարակ»-ի խմբագիրն այսպես արձագանքեց. - «Ինչո՞ւ եք ուզում լրատվամիջոցի հաշվին մանկատանը բարեգործություն անել: Այսինքն մեկին ունեզրկո՞ւմ եք, մեկ ուրիշին ուզո՞ւմ եք լավություն անել մեր միջոցով: Բարեգործություն եք անում, արեք ձեր հսկայական եկամուտների հաշվին, ոչ թե թերթերը սնանկացնելու, թերթերը փակելու ճանապարհով»:

Ինչ վերաբերում է «Հայկական ժամանակ» օրաթերթից ստացած շուրջ 3 միլիոն դրամի փոխհատուցմանը, Վիկտոր Սողոմոնյանն արձագանքեց, որ այս գումարն ամբողջովին փոխանցվել է իրավաբանական ծառայություններին, քանի որ բարոյական փոխհատուցման մասով 12,5 միլիոն դրամի փոխհատուցման հայցապահանջը դատարանը մերժել էր; Այսինքն, ըստ Սողոմոնյանի, Քոչարյանի ընտանիքը որեւէ գումար չի ստացել, որ մանկատներին կամ հիմնադրամին հանգանակեր:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը այլ դրդապատճառներով է բացատրում Ռոբերտ Քոչարյանի գործողությունները:

«Մարդ, որն այլեւ անցյալում է, բայց որը չի ուզում մնալ անցյալում, ուզում է անընդհատ քաղաքական ակտիվություն հանդես բերել: Կարծում եմ, որ ամենաթույլ օղակը ընկավ հարվածի տակ, եւ Քոչարյանը իր բնավորության համաձայն, բավական անզիջում եւ հետեւողականորեն է գործում մեր ժողովրդի իրազեկված, տեղեկացված լինելու բացարձակ իրավունքի դեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում աասաց Բաբաջանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG