Մատչելիության հղումներ

ԵՄ-ին մտահոգում է Ղարաբաղի կացությունը


Հանդիպման օրակարգում նախ եւ առաջ Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում ամիսներ տեւող արյունալի ապստամբություններն են, մասնավորապես` Լիբիայի իրավիճակը։

Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ նախարարները կանդրադառնան նաեւ նախկին խորհրդային տարածքում սառեցված հակամարտություններին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի խնդրին։

«Այո, խնդիրն օրակարգում է, դժվար թե ընդունվի ինչ-որ փաստաթուղթ, սակայն քննարկում կլինի: Դա վկայում է այն մասին, որ Եվրոպական Միությանը մտահոգում է Հարավային Կովկասի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը»,- հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված մեկնաբան Ռիքարդ Յուշվիակը։

Նրա փոխանցմամբ, Եվրոպական Միությանն առավելապես մտահոգում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը:

«Ես զրուցել եմ բարձրաստիճան մի քանի դիվանագետների հետ։ Հատկապես մտահոգված են լեհերը, ովքեր հուլիսին պետք է ստանձնեն Եվրամիության նախագահությունը։ Նրանք չեն բացառում, որ հենց իրենց նախագահության օրոք սառեցված հակամարտությունը կարող է «շիկանալ», կարող են ռազմական գործողություններ վերսկսվել»,- ասել է Յուշվիակը եւ ավելացրել. - «Վտանգի մասին հուշող ազդակը` նավթի վաճառքից ստացած եկամուտը զենք եւ զինամթերքի վրա ծախսելու, բանակին նոր միջոցներ ուղղելու Ադրբեջանի քաղաքականությունն է»։

Մեկնաբանի խոսքերով, Եվրոպական Միությունը միշտ էլ ցանկացել է ավելի մեծ դեր կատարել եւ նպաստել Ղարաբաղի կարգավորմանը, սակայն, ինչպես դիվանագետներն են խոստովանել` Միությունն այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ լծակներ չունի։

Յուշվիակի կարծիքով, Եվրոպական Միության ուշադրությունն այսօր սեւեռված է արաբական աշխարհին, որտեղից հազարավոր փախստականներ փորձում են տեղափոխվել Միության երկրներ։

Ի դեպ, նույնիսկ նախքան արաբական ընդվզումները` դեռ նոր ստանձնելով Միության արտաքին քաղաքականության պատասխանատվությունը, բրիտանուհի Քեթրին Էշթոնը նկատել է տվել, որ իրեն հետաքրքրում է ոչ այնքան արեւելյան, որքան հարավային հարեւանությունը։

«Որոշ առանձին երկրներ, նույն Արեւելյան գործընկերության նախաձեռնող Լեհաստանը կամ Շվեդիան. կարող են փորձել առաջ տանել այդ ծրագիրը, սակայն ակնհայտ է, որ տիկին Էշթոնին Հարավային Կովկասի փոխարեն այսօր ուրիշ ուղղություններ են հետաքրքրում»,- ասել է Բրյուսելում հավատարմագրված «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Ռիքարդ Յուշվիակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG