Մատչելիության հղումներ

Մինսկի մետրոյում պայթյունից տուժածների թվում առնվազն երկու հայ կա


Բելառուս - Մինսկի մետրոյում պայթյունից տուժածներին օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցում, 12-ը ապրիլի, 2011թ.

Բելառուս - Մինսկի մետրոյում պայթյունից տուժածներին օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցում, 12-ը ապրիլի, 2011թ.

Երեքշաբթի ցերեկվա տվյալներով` Մինսկի մետրոյում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 12 մարդ զոհվել, 156-ը` վիրավորվել են, նրանցից 26-ը ծանր վիճակում են:

Վիրավորների թվում կան երեխաներ եւ հղիներ:

Տուժածների նախնական ցուցակները արդեն հրապարակվել են, եւ դրանցում կա երկու հայկական ազգանուն` Հայաստանի քաղաքացի 28-ամյա Սամվել Սահակյան եւ 70-ամյա Մարգարիտ Սմբատյան, որի քաղաքացիության մասին առայժմ տվյալներ չկան:

Բելառուսի իրավապահ մարմինները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն, արդեն կան ենթադրյալ ահաբեկիչների ֆոտոռոբոտները` ոստիկանությունը փնտրում է երկու տղամարդու:

Հայտնի է, որ ռումբը տեղադրված է եղել «Օկտյաբրսկայա» կայարանի նստարաններից մեկի տակ եւ տարբերվել է այն ռումբերից, որ սովորաբար օգտագործում են «մոսկովյան» ահաբեկիչները:

Բելառուսի ներքին գործերի նախարար Անդրեյ Կուլեշովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ահաբեկիչների մեջ չկան կանայք:

Բելառուսի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է նաեւ, որ արդեն հայտնի է հնարավոր կատարողի ինքնությունը, թեեւ այն գաղտնի է պահվում:

Բոլոր այս տվյալները նախնական են:

Ներկայումս Բելառուսի իրավապահները մի քանի վարկած են դիտարկում:

Վարկածներից մեկի համաձայն` պայթյունը կապված է 2008 թվականի հուլիսի 4-ին Մինսկում տեղի ունեցած պայթյունի հետ: Այն ժամանակ ոչ ոք չէր զոհվել, եւ ռումբը պայթել էր կենտրոնական հրապարակում, որտեղ մարդիկ տոնում էին Բելառուսի Անկախության օրը: Հրապարակում էր նաեւ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանը, որտեղ երկուշաբթի օրը ռումբ է պայթել, նույնպես Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում է, եւ այդ կայարանի մոտակայքում է գտնվում Լուկաշենկոյի նստավայրը:

Որ այս երկու պայթյունները կապված են միմյանց` նախօրեին չի բացառել նաեւ Բելառուսի նախագահը:

Այս պահին ահաբեկչության տարբեր վարկածներ են քննարկվում Բելառուսում, այդ թվում բլոգերները գրում են նաեւ, որ կատարվածը ձեռնտու էր միայն իշխանություններին, քանի որ երկրում ներկայումս ճգնաժամային վիճակ է, իսկ այս պայթյունից հետո առաջնային են դառնում անվտանգության խնդիրները:

Բելառուսի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ երկրի բնակչությանը կոչ է արել չտարածել տարբեր տեղեկություններ պետությունը վարկաբեկող վարկածի մասին եւ հիշեցրել է, որ նման տեղեկություններ տարածողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Հեռագրում, որի տեքստը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Խոր վշտով ընդունեցի Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը, որտեղ ահաբեկչության հետեւանքով մահացել եւ վիրավորվել են անմեղ մարդիկ: Հայաստանում անկեղծորեն սգում են եղբայրական բելառուս ժողովրդի հետ միասին: Պատրաստ ենք պայթյունի հետեւանքով տուժածներին անհրաժեշտ ամեն աջակցություն ցուցաբերել, այդ թվում` ընդունել եւ կազմակերպել նրանց բուժումը Երեւանի բուժհաստատություններում»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG