Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը վավերացրեց ռուսական ռազմակայանի մասին փաստաթուղթը


Ազգային ժողովը այսօր ձայների 80 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայ - ռուսական արձանագրությունը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 5 արձանագրությունը ստորագրվել է անցյալ տարի օգոստոսի 20-ին Երեւանում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ժամանակ:

Հայաստանի Սահմանադրական դատարանը այս տարվա փետրվարի 15-ին որոշել էր, որ փաստաթղթով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը, եւ հանրապետության նախագահը արձանագրությունը ներկայացրել էր խորհրդարանի վավերացմանը:

1995 թվականի փաստաթղթում կատարված փոփոխություններով, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն:

Խորհրդարանը այսօրվա նիստում նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հավաքների ազատության մասին» օրինագիծը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG