Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան. «Իշխանությունը նախապատրաստում է հաջորդ ընտրությունների կեղծումը»


Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Հայաստանի իշխանությունները նախապատրաստվում են այս տարվա փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի` ընտրակեղծիքների ճանապարհով կյանքի կոչմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Իշխանությունը շարունակում է նույն համառությամբ ուղղակի նախապատրաստել հաջորդ ընտրությունների կեղծումը, եւ դրա վառ ապացույցը այս օրերին քննարկվող օրինագծերն են, մասնավորապես` հավաքների ազատության մասին օրենքի քննարկումը, որը երեկ տեղի ունեցավ, նաեւ` Ընտրական օրենսգրքի քննարկումը», - ասաց Սաֆարյանը` շարունակելով. - «Հարկ եմ համարում հիշեցնել, որ այս բոլոր օրենքները, որոնք վերաբերում են, ըստ էության, առաջին հերթին ընդդիմությանը, քանի որ կարծեք թե հանրահավաք անողը ընդդիմությունն է եւ ոչ թե իշխանությունը, կրկին մշակվել եւ ընդունվում են առանց ընդդիմության տեսակետները հաշվի առնելու, խախտելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջները` երկխոսության ճանապարհով դրանք իրականացնել»:

Հարցին` առաջարկ չի՞ եղել մասնակցելու քննարկումներին, թե՞ իրենք են հրաժարվել մասնակցությունից, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը արձագանքեց. - «Ընտրական ալտերնատիվ օրենսգիրք ենք դրել սեղաններին, իրենք ունեցել են դա, գիտեն դրա մասին, բայց բնական է` չեն վերցրել, որովհետեւ չէին վերցնելու»:

Իսկ ինչ վերաբերում է հավաքների մասին օրինագծին, ապա, Սաֆարյանի հավաստմամբ, «ոչ մի հրավեր չի եղել քննարկման»:

«Եվ այս ֆոնի վրա իշխանությունները բացարձակապես զբաղված են փետրվարի 17-ի իրենց հուշագրի կենսագործումով, եւ մեկ տարի հետո` խորհրդարանական ընտրությունների պարագայում, եւ երկու տարի հետո` նախագահական ընտրությունների պարագայում, մենք ուղղակի կկանգնենք լուրջ փաստերի առջեւ: Կոալիցիան այս պահին փորձում է քայլ առ քայլ ուղղակի իրավաբանորեն ամրագրել դե ֆակտո այն արդյունքները, որոնք նա հրապարակել է փետրվարի 17-ին», - պնդեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Հայաստանում արտահերթ ընտրությունների հնարավորության վերաբերյալ Ստյոպա Սաֆարյանը ասաց. - «Արտահերթ ընտրությունները ո'չ կարելի է բացառել, ո'չ էլ կարելի է հաստատել: Դա մի կանխատեսում է, որը կարող է ե'ւ իրականանալ, ե'ւ չիրականանալ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG