Մատչելիության հղումներ

Ապրիլի 12-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վերջին մեկ-երկու ամիսների ներքաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձությունը թերեւս քաղաքական դաշտի հստակեցումն է, ինչն ինքնին չափազանց դրական երեւույթ է: Այլ հարց է, որ փոխադարձ մեղադրանքների աղմուկի տակ կարեւորագույն այս գործընթացը մի տեսակ երկրորդ պլան է մղվում, եւ մարդիկ չեն հասկանում, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունենում, եւ ո՞րն է այս կամ այն ուժի հերթական քայլի նպատակը: Օրինակ` ինչո՞ւ իշխող կոալիցիան այդպես էլ չի հստակեցնում` միասնական ցուցակո՞վ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, թե՞ առանձին-առանձին, կամ ինչո՞ւ է «Ժառանգություն»-ը ձգտում նոր ընդդիմադիր դաշինք ձեւավորել ու հետն էլ հայտարարում է, թե հերթական ընտրություններում «Կոնգրեսից միայն կամուֆլյաժը կմնա»: «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը, օրինակ, բացառում է միասնական ցուցակով ընտրությունների գնալը, իսկ «Օրինաց երկիր»-ը չի բացառում: Ինչո՞ւ: Որովհետեւ «Բարգավաճ Հայաստան»-ը առանձին մասնակցելու դեպքում էլ, միասնականի դեպքում էլ հաստատ ներկայացված է լինելու հաջորդ խորհրդարանում, իսկ «Օրինաց երկիր»-ի միակ շանսը «միասնական ցուցակն» է` առանձին մասնակցելու դեպքում այդ ուժը հաստատ 5 տոկոսը չի հաղթահարի: Նույնն էլ ընդդիմադիր դաշտում է: Տեսեք` «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը խոսում է «կամուֆլյաժի» մասին, բայց որեւէ փաստարկ չի ներկայացնում: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա պնդումը հիմնավորող փաստարկներ պարզապես չկան»:

«Ժամանակ»-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը»: Բադալյանը պատասխանում է. - «Իմ գնահատմամբ` սա հերթական հանրահավաք էր: Բայց կցանկանայի նշել, որ Հայաստանի քաղաքական տարածքը սահմանափակված չէ միայն Ազատության հրապարակով, եւ քաղաքական գործընթացներում հանրահավաքից բացի, պայքարի այլ արդյունավետ միջոցներ էլ կան, որոնք բնավ չեն զիջում հանրահավաքներին: Իսկ ՀԱԿ-ի համար պարզապես շահավետ է այն, որ քաղաքական դաշտում իրեն մրցակից համարվող ՀՀԿ-ի քաղաքական մակարդակը այնքան էլ բարձր չէ, սակայն դա էլ ՀՀԿ-ն փոխարինում է վարչական, ֆինանսական ռեսուրսներով, ինչը չունի ՀԱԿ-ը»: Հարց. - «Ձեր գնահատմամբ, ապրիլի 28-ին մենք երկխոսությա՞ն, թե՞ ջրբաժանի ենք ականատես լինելու»: Պատասխան. - «Արեւելքում երկխոսություն չի լինում, երկխոսությունը եվրոպական քաղաքական կուլտուրային բնորոշ ինստիտուտ է: Հայաստանում երկխոսության մասին խոսելն ավելորդ է, այստեղ հնարավոր են միայն կարճատեւ բանակցություններ կոնկրետ հարցի շուրջ կոնկրետ կողմերի միջեւ»:

«168 ժամ»-ը մեջբերում է անում. - «Նոր նրբերանգներ է ձեռք բերում քաղբանտարկյալների ազատագրման հարցը: Փաստորեն, ոչ թե համաժողովրդական պայքարի հետեւանքով է ակնկալվում նրանց ազատագրումը, այլ Սերժին ուղղված ողջախոհություն դրսեւորելու կոչերով: Ես լինեմ Սերժի տեղը, հրամանագիր կարձակեմ հետեւյալ ձեւակերպմամբ. «Հաշվի առնելով Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հաջորդական հանրահավաքներում մի շարք բանտարկյալների ներում շնորհելու վերաբերյալ հրապարակային դիմումները` ներում շնորհել... թվարկում», - Հայ Ազգային կոնգրեսի` ապրիլի 8-ի հանրահավաքին նվիրված հոդվածում իր ինտերնետային էջում երեկ գրել է ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը` ավելացնելով, - «Մենք իրավամբ հպարտանում ենք ներման խնդրագիր գրելու առաջարկները մերժող մեր քաղբանտարկյալ եղբայրների կեցվածքով, բայց չտեսնելու ենք տալիս, երբ Կոնգրեսի առաջնորդը արդեն երկրորդ ներման դիմումն է հնչեցնում հանրահավաքում»:

«Իրավունք»-ի հյուրն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Լրագրողը հարցնում է. - «Հայաստանի նախագահը մինչեւ մայիս ամիսը հստակ ժամկետ է դրել կառավարության առջեւ` բարեփոխումներ իրականացնելու եւ առկա սոցիալ-տնտեսական բեռը թեթեւացնելու համար: Ի՞նչ նոր փորձություն կարող է սպասվել կառավարությանը»: Պատասխան. - «Բոլոր դեպքերում, ես չեմ կարծում, թե մեզ համար ամենահուզումնալից պահը վարչապետի փոփոխության հարցն է: Իսկ Հայաստանի նախագահը հարցը այնպես չի դրել, որ մարդիկ պետք է լավ ապրեն: Մարդիկ կապրեն այնպես, ինչպես ապրում էին, պարզապես քայլեր են կատարվում մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու համար: Ես հասկանում եմ մի բան` թողտվության պայմաններում ստացվել է այնպես, որ տարբեր տրամաչափի չինովնիկներ առավոտվանից երեկո մտածում են մի բանի մասին`թե ինչպես կարելի է ուրիշի հաշվին ճոխ ապրել: Բայց այդպիսի բան տեղի չի ունենում, եւ հայտնի պատմություն կա, թե նման մարդիկ ինչի են արժանանում: Եվ ես կարծում եմ, որ նման պարագայում կաշխատի բումերանգի ռեժիմը, համաձայն որի նման մտածողությամբ մարդիկ համապատասխանաբար հարվածը իրենց վրա կստանան»:

«Ցավոք սրտի, այսօր լրատվամիջոցները կրկնակի ուշադրություն են պահանջում։ Այսինքն` առավել քան երբեւէ անհրաժեշտ է հետեւել, որպեսզի այն բազմաթիվ լրագրողները եւ խմբագիրները, որոնք չեն տիրապետում լրագրողական էթիկայի կանոններին, դրսեւորեն քաղաքացիական կեցվածք եւ տարրական պարկեշտություն` քաղաքական գործիչների եւ քաղաքական գործընթացների մասին գրելիս։ Այնպես որ՝ շարունակելու ենք հետեւել մամուլի հրապարակումներին, ինչպես հետեւել ենք առ այսօր»,- «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG