Մատչելիության հղումներ

Պայթյուն Մինսկի մետրոյում. կան զոհեր


Երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին պայթյուն է տեղի ունեցել Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում։

Բելառուսի պաշտոնական աղբյուրները Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ հաստատել են, որ առնվազն 11 մարդ է զոհվել, չհաստատված տվյալներով` եւս 103 մարդ վիրավորվել է։

Պայթյունի վայրում աշխատում են շտապ օգնության եւ հրշեջ ծառայության մի քանի տասնյակ մեքենաներ։

«Օկտյաբրսկայա» կայարանը գտնվում է Բելառուսի նախագահի նստավայրից 100 մետր հեռավորության վրա։

Պայթյունի հետեւանքով զոհերի ու վիրավորների մասին առաջիններից մեկը հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Վալենտինա Ակսակը, որը գտնվել է դեպքի վայրում։

Նա հեռախոսով փոխանցել է հետեւյալը. - «Ժամը 18-ի սահմաններում մետրոյի այդ կայարանի մոտ շատ մարդիկ կային, հետեւի շարքերում չգիտեին ինչ է կատարվում։ Պայթյունի վայրին մոտ գտնվողները փորձում էին դուրս գալ հակառակ անցումից։ Նահանջող մարդկանցից մի քանիսը այրվում էին։ Ես մի քանի մարդկանց տեսա, որոնք կրակե սյուների էին նման»։

Վալենտինա Ակսակի փոխանցմամբ, վերեւից պայթյուն է լսվել. - «Շարժասանդուղքի վրա վերեւից այրվող կտորներ էին թափվում։ Շարժասանդուղքը կանգ առավ։ Մարդիկ այրվում էին։ Թունելն ամբողջովին ծխի մեջ էր»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։

Պայթյունի պատճառները հետաքննվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG