Մատչելիության հղումներ

«Մարդիկ սպասում են պատասխանի»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ` Հայաստանում մարդիկ «օբյեկտիվորեն չեն կարողանում հանդուրժել այսօրվա վիճակը» եւ պատասխանի են սպասում «ե’ւ իշխանություններից, ե’ւ ընդդիմությունից»:

«Կամ իշխանությունները սկսելու են քայլեր կատարել ընդառաջ ժողովրդին` այն նպատակով, որ ժողովուրդը տեսնի, որ, այնուամենայնիվ, կամաց-կամաց իր բարձրացրած հարցերը լուծվում են: Այդ դեպքում, բնականաբար, հնարավոր է, եւ ընդդիմությունը այդ հնարավորությունը ունի, փաստարկել ժողովրդի առջեւ, որ հարցերը աստիճանաբար լուծվում են, շատ կտրուկ գործողությունների համար այնքան էլ լուրջ հիմքեր չկան», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց Զուրաբյանը` շարունակելով. - «Բայց եթե իշխանությունները չեն գնալու հարցերի լուծմանը, ապա ոչ մի ընդդիմություն չի կարողանա պահել ժողովրդին այն վիճակում, որում այսօր ժողովուրդը գտնվում է»:

Հարցին, թե ինչ գործողությունների կդիմի ՀԱԿ-ը, եթե իշխանությունը մինչեւ ապրիլի 28-ը չկատարի Կոնգրեսի առաջադրած առաջնային պահանջները, ՀԱԿ-ի համակարգողը արձագանքեց. - «Դա նշանակում է, որ ժողովրդի ցասումը այլեւս չի լինի պահել այն սահմաններում, որոնցում մինչեւ հիմա արտահայտվել է ժողովրդի դժգոհությունը: Թե կոնկրետ ինչ գործողություններ կկատարվեն, դա, բնականաբար, որոշելու ենք ժողովրդի հետ համատեղ` խորհրդակցելով ե'ւ ժողովրդի տարբեր հատվածների հետ, ե'ւ հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, նաեւ քաղաքական ուժերի հետ: Եվ միասին հանգելու ենք, բնականաբար, գործողությունների ինչ-որ մի պլանի: Արդեն ակնհայտ է, որ ժողովրդի այս կուտակած դժգոհությունը, ի վերջո, բազմիցս հնչած այս մեսիջները, բոլոր հնարավորությունները, որ մենք տվել ենք իշխանությանը, դրանք սպառվում են: Բնականաբար, ինչ-որ հանգուցալուծում, այնուամենայնիվ, պետք է ստանան»:

Իսկ դիտարկմանը, թե ՀԱԿ-ը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Կոնգրեսը դեմ է հեղափոխական ճանապարհին, եւ հարցին, թե դա ինչ ճանապարհ է լինելու` եթե ոչ հեղափոխական, Զուրաբյանը պատասխանեց. - «Դեմ ենք հեղափոխական ճանապարհին` եթե դրա տակ մենք նկատի ունենք ջարդարարություն կամ ինչ-որ գրոհներ եւ այլն, եւ այլն: Բայց դա չի նշանակում, որ չկան վճռական գործողություններ, որոնք կարող են, այնուամենայնիվ, իշխանություններին սթափեցնել: Միշտ չէ, որ քաղաքական ուժերին հնարավոր կլինի այդ դժգոհությունը պահել ցանկացածի սահմաններում: Վիճակը օբյեկտիվորեն այդպիսին է: Օբյեկտիվորեն մարդիկ այլեւս չեն կարողանում հանդուրժել այսօրվա վիճակը եւ սպասում են պատասխանի, ընդ որում` ե'ւ իշխանություններից, ե'ւ ընդդիմությունից»:
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG