Մատչելիության հղումներ

Պատգամավորները գոհ չեն գործուղումների համար հատկացվող գումարի չափից


Իշխող Հանրապետական կուսակցության յոթ պատգամավորների ներկայացրած օրինագծով առաջարկվում է Ազգային ժողովի նախագահին վերապահել լիազորություն, որով նրա կարգադրությամբ պատգամավորների եւ խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը կհատուցվեն ծախսերի մասին վկայող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Հայաստանի կառավարությունը դեռեւս 2005 թվականին է սահմանել ավելի քան 200 երկրներում գործուղման մեկնողների օրապահիկի եւ գիշերավարձի չափերը: Սակայն պատգամավորները պնդում են, թե երբեմն գործուղումների ժամանակ կառավարության սահմանածից անհամեմատ ավելի մեծ գումարներ են պահանջվում, իսկ իրենք այդ իրավիճակում ճնշվում են:

«Լինում են դեպքեր, երբ օրենքով սահմանված չափը բոլորովին բավարար չէ որեւէ ներկայացուցչական կամ որեւէ այլ ծախս կատարել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին, որը գործուղման մեջ է», - փորձեց հավաստիացնել ԱԺ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը հաստատեց դա:

«Իսկապես դեպքեր են լինում, երբ այլ պատվիրակության ներկայացուցիչներ վերաբերմունք են ցույց տալիս քո նկատմամբ, դու էլ ուզում ես համապատասխանաբար [նույն վերաբերմունքը ցույց տալ]», - ասաց Սողոմոնյանը:

Օրինագիծը դրական եզրակացության արժանացրած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այս օրինագիծը բարենպաստ գործունեության գրավականն է:

«Որպեսզի մենք կարողանանք ավելի պատշաճ ձեւով ներկայանալ եւ կարողանալ կատարել որոշակի բարենպաստ քայլեր` ազգը, ժողովրդին ներկայացնելով այնտեղ», - ասաց Հովհաննես Սահակյանը:

2011 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովի պատգամավորների գործուղումների համար պետբյուջեից հատկացվել է 350 միլիոն դրամ, 2011-ին` 270 միլիոն: Մինչդեռ, վերջին տարիներին Հայաստանում արձանագրվող գնաճի եւ սոցիալական խնդիրների պարագայում պետբյուջեից հատկացվող սոցիալական նպաստի չափերը էական փոփոխությունների չեն ենթարկվում:

Կառավարության ներկայացուցիչը` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւս օրինագծի վերաբերյալ դրական կարծիք հայտնեց, նաեւ չմոռացավ իշխանության մյուս ճյուղերի գործուղման ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին խոսել:

Օրինագծի քննարկումն այսօր ավարտվեց: Քվեարկությունը հավանաբար կկայանա վաղը` ԱԺ-ի նիստի սկզբին, երբ բավարար թվով պատգամավորներ լինեն դահլիճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG