Մատչելիության հղումներ

logo-print

Հայկական կողմը պահանջում է Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովում ԼՂ-ի մասնակցությունը


Ստրասբուրգում երկուշաբթի օրը մեկնարկած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում վեհաժողովի Բյուրոյի հաշվետվության քննարկման ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ հայկական կողմը չպետք է մասնակցի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, եթե այդ աշխատանքներում չի ընդգրկվում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը:

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունը ներկայացնող Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս լիագումար նիստում ելույթ է ունեցել, իր բնորոշմամբ, «նույն տրամաբանությամբ»:

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը վերստեղծելու մասին որոշումը ԵԽԽՎ-ի Բյուրոն հունվարի վերջին կայացրեց: Ենթահանձնաժողովում հայկական կողմի ներկայացուցիչները Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանն են, քանի որ որոշված է դրա կազմում ընդգրկել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներին, ընդդիմության մեկական ներկայացուցիչների, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներին ու ԵԽԽՎ-ում քաղաքական խմբերի ներկայացուցիչների:

Արմեն Ռուստամյանը փոխանցեց, որ ենթահանձնաժողովը մտադիր է առաջին նիստը հենց ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի այս օրերին գումարել:

Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը բոյկոտելու է ենթահանձնաժողովի նիստերը, Ռուստամյանը պատասխանեց. - «Ես անձամբ ասում եմ` այո: Հայաստանը չպետք է մասնակցի առանց Ղարաբաղի: Իմ տեսակետը դա է, եւ ես կարծում եմ` այն կիսում է նաեւ իշխանությունը: Ղարաբաղի լեգիտիմ ներկայացուցիչների մասնակցությունը նման քննարկումներին, որտեղ իրենց կենսական շահերն են քննարկում, անխուսափելի է, եւ առանց դրա հնարավոր չէ ակնկալել որեւէ լուրջ, խորքային քննարկում»:

Ռուստամյանի խոսքով` ԵԽԽՎ-ում կա նման պրակտիկա, երբ հրավիրվել են կոնֆլիկտի բոլոր կողմերը, եւ նրանց ներկայությամբ է քննարկումը կատարվել:

Նա, բացի վերոնշյալից, վկայակոչում է այլ հիմնական պատճառներ, որոնք «անիմաստ եւ անհեռանկարային են դարձնում են դարձնում նման ենթահանձնաժողովի գործունեությունն ընդհանրապես»: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացն է:

«Հնարավոր չի լինի խուսափել վերադրումներից եւ զուգահեռություններից: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում արդեն ամբողջական փաթեթն է քննարկվում, եւ չկա հարց, որ այդ փաթեթից դուրս է, ուստի որեւէ առանձին քննարկում այստեղ չի կարող իրականացվել», - ասաց Ռուստամյանը` հավելելով, թե այս ենթահանձնաժողովը աշխատելու համար «ռեալ դաշտ չի ունենալու»:

Հայաստանյան պատվիրակության ներկայացուցչի մատնանշած մյուս պատճառը ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի որդեգրած «կողմնակալ պահվածքն է», ով, ըստ Ռուստամյանի, ձգտում է մինչեւ այս տարվա վերջ, այսինքն իր պաշտոնավարման ավարտը ինչ որ արդյունք գրանցել:

Հարցին, թե ինչո՞ւ է վերջին տարիներին հայկական կողմը խուսափում միջազգային տարբեր կառույցներում տարբեր ձեւաչափերով քննարկել Ղարաբաղի հարցը, եթե 90-ականներին ճիշտ հակառակ դիրքորոշումը կար, Ռուստամյանը պատասխանեց, որ խնդիրը այդ քննարկումներից Ղարաբաղի դուրս մնալն է:

«Մենք միշտ էլ կողմ ենք, որ հարցը քննարկվի միջազգային ատյաններում, բայց քննարկվի լիարժեք ձեւաչափով: Եթե պիտի մասնակցես այն ձեւաչափով, որը ձեռնտու է Ադրբեջանին, այդ մասնակցության իմաստը ո՞րն է: Գոյություն ունի կոնֆլիկտ, որն ունի երեք կողմ, եւ հիմնական կողմը բացակայում է բանակցություններից», - ասաց Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG