Մատչելիության հղումներ

Ալիեւը «արդյունավետ» է համարում Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումները


Ռուսաստանյան «Վեստի -24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի դերը եւ արդյունավետ է որակել նրա նախաձեռնությամբ անցած եռակողմ հանդիպումները, մասնավորապես, 2010-ի հոկտեմբերին Աստանայում եւ ընթացիկ տարվա մարտին Սոչիում:

«Ցավոք , հակամարտությունը երկար տարիներ չի հաջողվում կարգավորել», - ասել է Ալիեւը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կհաջողվի առաջ գնալ հակամարտության կարգավորման հարցում։

Նա հույս է հայտնել նաեւ, որ միջազգային միջնորդները` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները «է'լ ավելի ակտիվ կլինեն»:

Ադրբեջանի նախագահը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին` համեմատելով դրանք Լիբիայի վերաբերյալ վերջերս ընդունած բանաձեւի հետ: Ալիեւը հարց է հնչեցրել, թե ինչու «Լիբիայի դեպքում ընդունված փաստաթուղթը կիրառվել է մի քանի ժամ անց, իսկ Ադրբեջանի դեպքում այն չի գործում արդեն 17-18 տարի»:

Իլհամ Ալիեւի այս վերջին հայտարարությունը արձագանքել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Կարծում եմ, որ պարոն Ալիեւի ձեւական զարմանքը չի կարող թաքցնել այն իրողությունը, որ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ 1993 թ. բանաձեւերի կոչերի՝ դադարեցնել ռազմական գործողությունները, Ադրբեջանը պատրանքներ ունենալով, որ հերթական ռազմական արկածախնդրությամբ հաջողության կհասնի, խափանում էր դրանց իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ստիպված չեղավ դիմել արցախյան կողմին զինադադար հաստատելու խնդրանքով: Եվ եթե Ադրբեջանի իշխանությունները իրոք ցանկանում են խնդրի կարգավորում, ապա նրանք պետք է ոչ թե մեղադրեն միջազգային հանրությանը, այլ՝ հրաժարվեն ուժային տարբերակով խնդիրը լուծելու պատրանքներից ու հաշտվեն Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ», - ասել է Քոչարյանը` պատասխանելով news.am լրատվական կայքի հարցին:

Ռուսաստանյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիեւը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական են համարում երկկողմ հարաբերությունները. դրանք դինամիկ կերպով զարգանում են, ակտիվ է երկու երկրների ղեկավարության երկխոսությունը, զարգանում են առեւտրատնտեսական հարաբերությունները, մեծանում է ապրանքաշրջանառությունը։

Ինչ վերաբերում է «Նաբուկո» ծրագրին, ապա Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ լրագրողի հստակ հարցին Ալիեւը միանշանակ պատասխան չի տվել` փոխարենը ընդգծելով, որ, օրինակ, Ադրբեջանն «այսօր գազի հսկա պաշարներ ունի»։

Նա, մասնավորապես, ասել է, որ Եվրոպայում մեծ է Ադրբեջանի` որպես գազ առաքող երկրի հանդեպ հետաքրքրությունը:

Նշելով, որ այսօր Ադրբեջանը գազ է վաճառում Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին, սակայն կարող է է'լ ավելի շատ գազ վաճառել` Ալիեւը ասել է, որ Բաքուն այսօր երկնըտրանքի առջեւ է` «կա'մ ավելի շատ վաճառել, կա'մ նոր շուկաներ գտնել»։

«Մենք այսօր աջակցում ենք «Նաբուկո» ծրագրին, բայց կան գնին, տարանցմանը եւ Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր», - ասել է նա` հավելելով, թե նման այլ ծրագրեր էլ կան, որոնց շուրջ նույնպես Ադրբեջանը բանակցություներ է վարում, եւ ելնելով Ադրբեջանի շահերից` որոշում կկայացվի, թե որ ծրագրին միանալ:

Իլհամ Ալիեւը խոսել է նաեւ ներքին խնդիրներից` ընդգծելով, որ իշխանությունները մի շարք բարեփոխումներ են անցկացրել սոցիալական բնագավառում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG