Մատչելիության հղումներ

Իշխանությունը «ապրիլի 28-ին ընդառաջ քայլեր չի անելու»


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի` «իշխանությունը չի պատրաստվում ապրիլի 28-ին ընդառաջ արտահերթ քայլեր, գործողություններ անել»:

«Երբեք ու երբեք ճնշումների ազդեցության տակ մեր սկզբունքների որեւէ գործոն չենք փոխել: Ինչ մոտեցումներ ունենք, ինչ վճռականություն ունենք, այդպես էլ կպահպանվի», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Սահակյանը:

Հայ ազգային կոնգրեսի հրավիրած նախորդ հանրահավաքում, հիշեցնենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որը կկայանա ապրիլի 28-ին, Կոնգրեսը ակնկալում է, որ կկատարվեն հանուն երկխոսության իրենց կողմից առաջ քաշված 3 նվազագույն պահանջները: Դրանք են` քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը: Տեր-Պետրոսյանի խոսքով` եթե դա տեղի չունենա, Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունը:

«Ապրիլի 28-ը պետք է դառնա կա'մ երկխոսության սկզբնավորման, կա'մ էլ` իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր», - հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը:

Գալուստ Սահակյանի խոսքով, իշխանությունը պատրաստ է երկխոսել, սակայն`չգիտեն ինչի շուրջ. - «Չգիտենք, թե ինչից պիտի երկխոսենք»:

Ապրիլի 28-ին, իշխող կուսակցության փոխնախագահի կարծիքով, որեւէ արտառոց բան տեղի չի ունենա. - «Ոչ մի բան: Նույն կրկնությունը, նորից նույն հաստատումները, նույն մոտեցումները: Ինձ համար ակնհայտ է` 15-ից [պահանջներից] 3 իջան, կարող է հետո 2,5 իջնեն, հետո 2 իջնեն: Դա դրական իմաստով եմ ասում, որովհետեւ իրոք այդ խնդիրները կան, եւ այդ խնդիրների լուծումը պետք չէ տեսնել միտինգներում: Անկախ նրանից, թե ՀԱԿ-ը ինչ է ասում կամ ինչ պահանջներ է դնում` դրանք այն խնդիրներն են, որ երբ իրավական տեսքից ժամանակը գալիս է, բոլորն էլ լուծելի են դառնում: Այնպես որ, եթե դրա համար է հանրահավաքը, կարող են չանել»:

Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության ծավալման հարցում առավել լավատես է իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը:

Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իշխանության մեջ կան հեղինակավոր մարդիկ, ովքեր կողմ են ընդդիմության հետ երկխոսություն սկսելու գաղափարին. - «Վստահ եմ, որ այս երկխոսության իմաստը պետք է լինի այնպիսի մթնոլորտի ձեւավորումը 2012 թվականի նախօրեին, որտեղ կարող, կառուցողական մոտեցումներով ուժերը իսկապես կարողանան ժողովրդին ցույց տալ, թե որն է ապագան եւ ուր են տանում նրանք ժողովրդին: Հեռակա երկխոսության նշաններ արդեն իսկ տեսնում եմ, եւ սա էլ ինձ լավատեսություն է ներշնչում»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով` ՀԱԿ-ի կողմից իշխանությանը ներկայացրած երեք հիմնական պահանջները դժվար լուծելի չեն: Ավելին` նա համարում է, որ Կոնգրեսը այնպիսի պահանջներ է ձեւակերպել, որ «հեշտացնի իշխանության գործը»: Այս մտորումները Հովհաննիսյանին հիմք են տվել մտածելու, որ իշխանությունը երկխոսում է ՀԱԿ-ի հետ, բայց` ոչ հրապարակային:

«Մաքսիմալ իշխանության գործը հեշտացնելու պահանջներ են: Նվաճել Ազատության հրապարակում միտինգներ անելու իրավունք... բայց արդեն երկու անգամ թույլ են տվել, եւ որեւէ պրոբլեմ չի առաջացել: Այդ ինչո՞ւ է ճանապարհը դեպի նախագահական անցնում հենց այդ հրապարակով… Երկրորդ` քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը. նրանց, ում ՀԱԿ-ը համարում է քաղբանտարկյալներ, կարծես թե, արդեն արձակում են: Եվ երրորդը` խոստում իշխանությունների կողմից պետք է տրվի, որ Մարտի 1-ի գործերը կքննվեն: Հասկանալի է, չէ՞, որ իրավական նոնսենս կա այստեղ: Ցանկացած գործի քննություն կվերսկսվի, եթե առաջանան նոր հանգամանքներ: Տվե'ք այդ նոր հանգամանքները, պատմե'ք, օրինակ»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին վերջին հանրահավաքում հնչեցված գնահատականները հիմք են տալիս հայտարարելու, որ ՀԱԿ-ը փակուղու առաջ է կանգնել: Այս իրավիճակում, ըստ պատգամավորի, շահում է իշխանությունը: Այս պահին իմիտացիա է անում. Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելուն չխոչընդոտելով ու բանտարկված ընդդիմադիրներից ոմանց ազատ արձակելով`իշխանությունը պատրաստում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգային հանձնաժողովի դրական զեկույցը:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:


«Իմ տպավորությամբ` Հայ ազգային կոնգրեսը ինքն իրեն դրել է փակուղային վիճակի մեջ, եւ արդյունքում ապրիլի 28-ին վստահաբար ուղղակի արձանագրի այդ փակուղին: Այդ ընթացքում կարձանագրի նաեւ, որ ցավալիորեն ինքը փչացրել է իր հարաբերությունները ընդդիմադիր գործընկերների հետ: Այդ հարաբերությունները ապաքինման, վերանայման կարիք ունենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաֆարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG