Մատչելիության հղումներ

«Թատրոն X» փառատոնը կշարունակվի մարզերում


«Թատրոն X» փառատոնի կազմակերպիչները, 11 ապրիլ, 2011

«Թատրոն X» փառատոնի կազմակերպիչները, 11 ապրիլ, 2011

Մարտի 21-ից Երեւանում մեկնարկած հանրապետական «Թատրոն-X» փառատոնի մայրաքաղաքային փուլն ավարտված է: Երեքշաբթի օրվանից այն կշարունակվի մարզերում մինչեւ ապրիլի 28-ը:

Փառատոնի կազմակերպիչները եւ մասնագիտական հանձնախմբի անդամները երկուշաբթի օրը կայացած ասուլիսում տեղեկացրին, որ վաղվանից փառատոնը կմեկնարկի Վանաձորում, կշարունակվի Գյումրիում, Արտաշատում, Հրազդանում, Գավառում, Աբովյանում, այնուհետեւ` Շուշիում եւ Ստեփանակերտում: Փառատոնը կավարտվի Գորիսում ու Կապանում:

Մինչ մարզերը մեկնելը փառատոն կազմակերպիչները լրագրողների հետ կիսեցին իրենց տպավորությունները այս տարվա փառատոնից:

Փառատոնի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը դժվարացավ ասել, թե փառատոնի երեւանյան փուլում որ ներկայացումն էր լավագույնը, սակայն նշեց լավագույն դերակատարին: Նրա խոսքով` մասնագիտական հանձնախմբի անդամները միակարծիք են եղել, որ լավագույն դերակատարը դերասանուհի Նարինե Գրիգորյանն է:

«Նարինեն իսկապես մեր ձեռքբերումն է», - ասաց Արա Խզմալյանը:

Դերասանական բացթողումներից նա առանձնացրեց այն փաստը, որ դերասաններից շատերի խաղը «ամբողջապես կառուցվում է կուլմինացիոն կետերի վրա»:

«Ամենալավ դերասանն անգամ չի կարող 1-2 անգամից ավելի պոռթկալ եւ դուրս գալ սահմաններից, որովհետեւ պոռթկումից, այդ պարպումից հետո իշխում է դատարկություն, լռություն, դրանից հետո պիտի լռել: Մեր դերասաններին պետք է պարզապես սովորեցնել, ինչը Թատերական ինստիտուտի խնդիրն է, կարծում եմ, ոչ թե ցուցադրել էմոցիաները, այլ թաքցնել դրանք», - ասաց Խզմալյանը:

Այս տարի «Թատրոն X» փառատոնին մասնակցում են թե' պրոֆեսիոնալ, եւ թե' սիրողական թատերախմբեր: Որպես դրական երեւույթ` Արա Խզմալյանը նշեց, որ իրենց համար բացահայտում էր երկու սիրողական թատերախմբերի ներկայացումները: Դրանցից մեկը ներկայացրել էր թիվ 27 դպրոցը, մյուսը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի թատերախումբը:

Թատերագետ Լեւոն Մութաֆյանն էլ իր հերթին թվարկեց մի քանի կարեւոր բացթողումներ` ժամանակակից դրամատուրգիայի պակասը բեմում, խաղացանկային աղքատությունը եւ ռեժիսորական անգրագիտությունը:

«Ներկայացված աշխատանքների 90 տոկոսը տառապում է ռեժիսորական անգրագիտությամբ», - ասաց Մութաֆյանը:

Նա ցավալի է համարում նաեւ այն փաստը, որ թատրոններում նորարարության են դիմում 50-ն անց ռեժիսորները, բայց ոչ երիտասարդները:

«Մանավանդ «Թատրոն X»-ը կաղապարված փառատոն չէ, նրա գլխավոր նպատակը նոր ձեւերի, գեղագիտական նոր սկզբունքների խթանումն է: Մինչդեռ շատ հաճախ տեսնում ենք 20-22 տարեկան բեմադրիչի` 100-ամյա մտածողությամբ բեմադրություն, ինչի ականատեսը եղանք այս օրերին», - ասաց Մութաֆյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG