Մատչելիության հղումներ

Հայկ Մանուկյան. «Աբոյին եւ Կարոյին ազատ ժամանակ փոքր թղթի վրա նկարեցի»


Մուլտֆիլմի հերոսներ Աբո եւ Կարո, արտապատկերում YouTube-ից
Մուլտֆիլմի հերոսներ Աբո եւ Կարո, արտապատկերում YouTube-ից

Աբոյին եւ Կարոյին արդեն շատերն են ճանաչում, հատկապես նրանք, ովքեր Facebook-ում եւ YouTube-ում են անցկացնում իրենց օրվա մի մասը:

Ամերիկահայ եղբայրներ Աբոն եւ Կարոն թեեւ մուլտֆիլմի հերոսներ են, սակայն նրանց պես հարեւաններ, բարեկամներ ու ընկերներ յուրաքանչյուրը հեշտությամբ կգտնի իր շրջապատում, այնքան տիպիկ են ընտրված բնավորությունները:

Աբոյի, Կարոյի, նրանց ընտանիքի մասին պատմող մուլտֆիլմերի շարքը ստեղծել է ամերիկահայ մուլտիպլիկատոր Հայկ Մանուկյանը:

28-ամյա Հայկը, ով ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1990-ականների սկզբին, այժմ գլխավոր մուլտիպլիկատորներից է հայտնի Nickelodeon ընկերությունում, որը զբաղվում է երեխաների համար մուլտֆիլմերի, ֆիլմերի, հեռուստահաղորդումների, խաղալիքների արտադրությամբ եւ որը մի քանի հեռուստաալիք ունի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայկ Մանուկյանը պատմեց, թե ինչպես են ստեղծվել Աբոյի եւ Կարոյի կերպարները. - «Ընդունվեցի գործի, ամերիկյան կինոների վրա էի աշխատում, փորձում էի մի քիչ ավելի նոր բան հորինել, նոր կերպարներ ստեղծել, այդ ժամանակ Աբոյին ու Կարոյին ազատ ժամանակ փոքր թղթի վրա նկարեցի, տարա տուն, անուններն էլ դրեցի Աբո ու Կարո: Բնավորությունները կոնկրետ ոչ մեկից չեմ վերցրել, տարբեր մարդկանցից եմ վերցրել` իմ քույրերից, ինձնից, բարեկամներիցս, խառնել եմ իրար իրենց բնավորությունները: Իսկ տեսքը` Աբոն մի քիչ Արամ Ասատրյանի տեսքի վրա եմ արել, Կարոն էլ մորաքրոջս որդու ընկերոջ դիմանկարն է»:

Առաջին սեփական մուլտֆիլմը Հայկը ստեղծել է 2005 թվականին` հայազգի փոքրամարմին բռնցքամարտիկ Վարդանի մասին, որը ռինգում ջախջախում է մի քանի անգամ իրեն գերազանցող հսկային: Երկար ժամանակ միայն ընկերներին էր ցույց տալիս, մինչեւ վերջապես նրան համոզել են մուլտը տեղադրել նաեւ ինտերնետում եւ հանձնել մարդկանց դատին:

Այժմ Moolt.com կայքում տեղադրված են մի քանի տասնյակ ֆիլմեր, յուրաքանչյուր մուլտֆիլմ հարյուր հազարավոր մարդիկ են դիտում:

Վերջերս Աբոյի եւ Կարոյի մասին պատմությունը ընդարձակվել է` ներառելով նաեւ այլ կերպարների` Հարութին եւ Սոֆիին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` առաջարկներ չե՞ն եղել որեւէ հեռուստաընկերության կողմից մուտֆիլմերը ցուցադրելու համար, Հայկը պատասխանեց, որ շարունակելու է ինտերնետով իր աշխատանքները սփռել:

«Իմ նպատակը հենց ինտերնետն է, որովհետեւ հիմա բոլոր մեծ ընկերությունները զգում են, որ մարդիկ մի քիչ ավելի շատ են ինտերնետ մտնում, քան` հեռուստացույց նայում: Այդ պատճառով, իմ նպատակն այն է, որ ես մնամ ինտերնետի վրա, որովհետեւ այդպես նաեւ ոչ ոք չի խառնվում, չի ղեկավարում իմ արածները, ես եմ լրիվ որոշում` ինչ անեմ, ինչ չանեմ, եւ YouTube-ից էլ փող եմ ստանում` որ ամեն մուլտից առաջ իրենք գովազդ են ցույց տալիս, կամ կողքերը գովազդ են ցույց տալիս, ինձ վճար է գալիս», - ասաց Հայկ Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG