Մատչելիության հղումներ

Եգիպտոսում քննություն է սկսվել Մուբարաքի եւ նրա ընտանիքի անդամների դեմ


Եգիպտոս - Հոսնի Մուբարաքի հեռուստաելույթը նրա հրաժարականից մեկ օր առաջ` 2011 թվականի փետրվարի 10-ին
Եգիպտոս - Հոսնի Մուբարաքի հեռուստաելույթը նրա հրաժարականից մեկ օր առաջ` 2011 թվականի փետրվարի 10-ին
Եգիպտոսի դատախազությունը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հարցաքննվելու է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանությունների, ինչպես նաեւ բյուջետային միջոցները վատնելու, յուրացնելու գործերով:

Մինչեւ Մուբարաքի հրաժարականը Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով մոտավորապես 1000 մարդ է սպանվել:

Դատախազությունը հայտնել է, որ հարցաքննելու է նաեւ Մուբարաքի երկու որդիներին:

Դատախազությունը իր հայտարարությունում նաեւ նշել է, որ Մուբարաքի կիրակի օրվա հայտարարությունը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ հետաքննության վրա:

Կիրակի օրը ավելի վաղ Եգիպտոսի նախկին նախագահը փետրվարի 11-ին հրաժարական տալուց հետո առաջին անգամ հրապարակավ ելույթ ունեցավ` հերքելով իր դեմ ուղղված մեղադրանքները:

Կարմիր ծովի ափին` Շարմ էլ-Շեյխ քաղաքի իր նստավայրում տնային կալանքի տակ գտնվող Հոսնի Մուբարաքը ապրիլի 11-ին «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տարածած ելույթում հերքել է արտասահմանյան բանկերում հաշիվներ ունենալու, խոշոր գումարներ պահելու մեղադրանքները: Նա ասել է, թե բանկային հաշիվ ունի միայն մեկ եգիպտական բանկում:

Անհիմն որակելով մեղադրանքները` Մուբարաքն ասել է, թե մտադիր է պաշտպանել իր եւ իր ընտանիքի արժանապատվությունը:

Ըստ մամուլի հրապարակումների` ավելի քան 30 տարի երկիրը կառավարած Մուբարաքը 40 միլիարդ դոլար ունի Լոնդոնի, Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի բանկերում։

82-ամյա Մուբարաքը հայտարարել է, որ իրեն զրպարտելու արշավ է սկսվել, եւ խոստացել է համագործակցել իր եւ իր ընտանիքի ֆինանսական միջոցները ուսումնասիրող ցանկացած հետաքննության հետ:

«Ինձ համար շատ ցավալի է, իմ ընտանիքն ու ես շարունակում ենք ցավ զգալ մեր դեմ անարդար արշավից ու կեղծ մեղադրանքներից, որոնց նպատակը իմ հեղինակությունը, իմ ազնվությունը, իմ քաղաքական դիրքորոշումն ու զինվորական կենսագրությունը վարկաբեկելն է», - ասել է Եգիպտոսի նախկին նախագահը:

Հոսնի Մուբարաքին, նրա կնոջը եւ որդիներին արգելվել է հեռանալ Եգիպտոսից` մինչեւ պետական գումարներ յուրացնելու մեղադրանքի հետաքննության ավարտը:

Կահիրեի Թահրիր հրապարակում վերջին օրերին վերսկսված ցույցերի մասնակիցները պահանջում են նաեւ դատական պատասխանատվության կանչել երկրի նախկին նախագահին:

Կիրակի օրը կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել է Եգիպտոսի նախկին վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG