Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ը ողջունում է Եվրախորհրդարանի նոր բանաձեւը


«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը ողջունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի երեկ ընդունած նոր բանաձեւը:

Բրյուսելում գործող կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը ընդունված փաստաթուղթը որակել է որպես Եվրոպական հարեւանության ծրագրում ընդգրկված երկրներին եւ մասնավորապես Հայաստանին աջակցելու «ուժեղ ազդանշան» Եվրամիության կողմից:

«Այն նաեւ քաղաքականապես խիզախ որոշում է, քանի որ պահանջում է Հարավային Կովկասի եւ Մոլդովայի համար Եվրամիության նոր հատուկ ներկայացուցչի ինստիտուտ», - ասել է Քամբեքը: - «Այն կոչ է անում ավելի մեծ ջանքեր գործադրել ձգձգվող հակամարտությունները կարգավորելու համար եւ հատկապես կարեւորում է անջատական տարածաշրջանների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի, հասարակությունների հետ շփումների ակտիվացումը»:

«Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ի փոխանցմամբ` ընդունված բանաձեւով Եվրախորհրդարանը, մասնավորապես, կոչ է անում Եվրամիությանը մեծացնել իր ներգրավվածությունը Մերձդնեստրի եւ Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտություններին լուծում գտնելու ջանքերում` լուծում, որը հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների, հատկապես` ուժի չգործադրման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, արդեն գոյություն ունեցող բանակցային ձեւաչափների շրջանակներում: Որպես նման ձեւաչափ Եվրախորհրդարանը մատնանշում է հատկապես ԵԱՀԿ-ն:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Եվրախորհրդարանը Եվրամիության պատասխանատուներին եւ կառույցներին կոչ է անում նաեւ հակամարտությունների տարածաշրջաններում վստահության ամրապնդման ավելի շատ միջոցառումներ եւ ծրագրեր իրականացնել, այդ թվում` «դիտարկել պրագմատիկ նախաձեռնություններ եւ նորարարական մոտեցումներ, ինչպիսին են, օրինակ, անջատական տարածքների հասարակությունների հետ ոչ պաշտոնական շփումները եւ խորհրդակցությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG