Մատչելիության հղումներ

«Իշխանությունները բացառելու են ցնցումները»


Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հավաստիացնում է, որ այսօր, երբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը անցկացնում է հերթական հանրահավաքը Մատենադարանի մոտ, իշխանությունները «չեն գնալու ցնցումների, բացառելու են ցնցումները»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատգամավոր հավելեց, որ իշխանությունները նաեւ «պատրաստ են ցանկացած հասարակական անկարգություն կանխել»:

Ինչ վերաբերում է այն հարցին¸ թե արդյո՞ք իշխանությունները պատրաստ են այսօր էլ գնալ զիջման եւ թույլ տալ Հայ ազգային կոնգրեսին ծրագրված հանրահավաքից հետո մուտք գործել Ազատության հրապարակ¸ «Հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց¸ թե դա «ոստիկանության եւ իրենց ընդդիմադիր գործընկերների խնդիրն է»: Միեւնույն ժամանակ Շարմազանովը կողմերին կոչ արեց այս խնդիրը լուծել իրավական դաշտում:

«Մենք բոլորս պիտի գիտակցենք, որ կայությունն է գլխավոր երաշխիքը մեր երկրի ժողովրդավարության զարգացման», - փաստարկեց Շարմազանովը:

Կոնգրեսը, հիշեցնենք, այսօրվա հանրահավաքից առաջ հայտարարել էր, որ «ուժեղացնելու ժողովրդի ճնշումը իշխանությունների վրա», որպեսզի վերջիններս հրաժարական տան:

Ավելին, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր` եթե 200 հազար մարդ փողոց դուրս գա, իշխանություններն «ուղղակի կփախչեն»:

Շարմազանովը «անընդունելի եւ ոչ կոռեկտ է» համարում նման հայտարարությունները` ասելով, թե «քննադատությունը չափ ու սահման ունի եւ չի կարելի կոռեկտության սահմանը անցնել»: Իսկ «իշխանությունների փախչելու» մասին ասաց. - «Բոլորն էլ լավ հիշում են, թե ով ուր փախավ եւ ով հրաժարական տվեց»:

Ինչ վերաբերում է 200 հազար մարդ փողոց դուրս բերելուն, Շարմազանովը ասաց, թե ընդդիմությանը, իր խոսքով, միշտ էլ հատուկ է եղել թվերը ուռճացրած ներկայացնել, եւ այդքան մարդ հավաքելը «ուղղակի ռեալ չէ». - «Եթե իրենց հավատայինք, ապա հարյուր անգամ արտահերթ ընտրություններ եղած կլինեին, հիսուն անգամ էլ` նախագահական նստավայրը գրաված պետք է լինեին»:

Հանրապետական մամուլի խոսնակի փոխանցմամբ, իշխանություններն էլ գիտեն, որ մարդիկ դժգոհ են, բայց «դժգոհ մարդը մի բան է, նախագահի հրաժարականը պահանջելը կամ այլ քայլերի գնալը` մեկ այլ բան». - «Իսկ ո՞վ է ասում, որ մենք ամեն ինչից գոհ ենք… Նախագահի հենց հանձնարարականները, նախագահի քաղաքականությունը ցույց է տալիս, որ հենց իշխանությունը բավարարված չեն այդ ռեֆորմներով: Դրա համար ամեն ինչ անում են, որպեսզի այդ ռեֆորմների արդյունքները ավելի արագ երեւան: 2012 -ին ժողովուրդը, եթե դժգոհ կլինի, եթե հույս չի կապի այս իշխանությունների հետ, կընտրի ուրիշին: Եթե հույս կկապի եւ կտեսնի, որ այս բարեփոխումները արդյունք տալիս են եւ շարունակական են, եւ Հանրապետականն ու նախագահ Սարգսյանը այն քաղաքական ուժն են, որը որ լավագույնս է լուծում իր պրոբլեմները կամ հույս է ներշնչում, որ էլ ավելի լավ կլուծի, կքվեարկեն: Բոլոր հարցերի պատասխանը կտա ժողովուրդը: Պետք չէ շտապել»:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հետ հնարավոր երկխոսության խնդրին եւ Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված պահանջներին` Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության խոսնակն ասաց, թե իշխանությունը իր քաղաքական օրակարգը Հայ ազգային կոնգրեսի պահանջներով չի ձեւավորում:

Ինչ վերաբերում է երկխոսության խնդրին, ապա Շարմազանովը հիշեցրեց, որ վաղը լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երեք տարին, եւ որ այդ ընթացքում Հանրապետության նախագահը բազմաթիվ անգամ նախաձեռնել է թե' իշխանության - հասարակություն եւ թե' իշխանություն - ընդդիմություն երկխոսությունը, եւ այդ երկխոսությունը «շատ նորմալ ընթանում է»:

«Պարզապես կան ուժեր, ովքեր որ մասնակցում են այդ երկխոսությանը, օրինակ` պառլամենտական ընդդիմադիր մեր գործընկերները, կան ուժեր, ովքեր որ բոյկոտում են դա կամ չեն ցանկանում եւ վերջնագրերով են խոսում», - հայտարարեց նա:

Հարցին, թե արդյո՞ք համագործակցություն կա Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ, Էդուարդ Շարմազանովը հետեւյալ պատասխանը տվեց. - «Այս վերջին շրջանում երկխոսությունը եղել է Լեւոն Զուրաբյան - Ալեքսանդր Աֆյան մակարդակով»:

Հիշեցնենք` վաղը լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երեք տարին: 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո մոտ մեկ ամիս հետո` ապրիլի 9-ին նա ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը:

Թե ինչպիսին էին անցած 3 տարիները` քաղաքական ուժերը տարբեր գնահատականներ են տալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը այդ տարիները բնութագրում է «աղետալի» Հայաստանի համար` թե' սոցիալ-տնտեսական վիճակի, թե' Հայաստանի արտաքին քաղաքականության եւ թե' երկրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակի առումով:

Մինչդեռ Հանրապետականի մամուլի խոսնակը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները գնահատում էին իբրեւ «հուսադրող եւ արդյունավետ»:

Իսկ իշխանական կոալիցիայի մաս կազմող եւ 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երեք տարիները գնահատում է շատ բարձր եւ դրական: Բոստանջյանի համոզմամբ` գլխավոր ձեռքբերումն այն է, որ, չնայած տնտեսական ծանր ճգնաժամին, նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանում սոցիալական բունտ տեղի չունեցավ:
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG