Մատչելիության հղումներ

Amnesty International-ը Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ընդդիմության նկատմամբ հետապնդումները


Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմության առաջնորդների ահաբեկումները, որոնք արտահայտվում են ոստիկանության կողմից հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալություններով եւ ծեծով, երեկ հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Բաքվի կենտրոնում ընդդիմության ծրագրած հանրահավաքի օրը` ապրիլի 2-ին, ինչպես նաեւ նախորդող օրերին ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են ընդդիմության հարյուրավոր ակտիվիստների, տասնյակ ընդդիմադիրներ մեղադրվում են լուրջ իրավախախտումների մեջ: Ադրբեջանի իշխանությունները նաեւ զգուշացրել են, որ ապրիլի 16-ին ընդդիմության ծրագրած բողոքի ակցիան եւս կասեցվելու է:

«Ադրբեջանական ռեժիմը հստակ հասկացնում է, որ սիստեմատիկ եւ կոշտ ձեւով կանխելու է ցանկացած այլակարծություն», - Amnesty International-ի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` երեկ ասել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փոխնտօրեն Ջոն Դալհույսենը:

«Ընդդիմության առաջատար գործիչների նման նպատակաուղղված հետապնդումը պետք է դադարեցվի, եւ իշխանությունները պետք է թույլ տան բողոքի հանրային ցույցերի անցկացումը», - ընդգծել է Դալհույսենը` հավելելով. - «Ադրբեջանական կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի միայն քաղաքական փոփոխությունների խաղաղ պահանջի համար բանտում հայտնված բոլոր անձանց եւ ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու հետապնդումների փաստերի լիարժեք քննություն իրականացնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG