Մատչելիության հղումներ

Ստամբուլի հայ համայնքը նոր հիվանդանոց կունենա, որը հագեցված է լինելու բժշկական ամենաժամանակակից սարքավորումներով:

Հայկական համայնքը մինչեւ հիմա էլ Ստամբուլում արդեն երկու հիվանդանոց ուներ, երկուսն էլ` հիմնված օսմանյան ժամանակաշրջանում. մեկը Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Փրկիչ հիվանդանոցն է, մյուսը` Հայ կաթողիկե եկեղեցու Սուրբ Հակոբ հիվանդանոցը:

Այս մասին գրել է Hurriyet Daily News-ի հայազգի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն: Նա զրուցել է Սուրբ Փրկիչ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:

Շիրինօղլուն ասել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հայ համայնքին է վերադարձվում նախկինում բռնագրավված ունեցվածքը, եւ վերադարձված տարածքում որոշվել է նոր հիվանդանոց կառուցել:

Նա նշել է, որ հիվանդանոցը մասնագիտացված է լինելու, օնկոլոգիական նոր մասնաճյուղ է լինելու` ուռուցքաբանության ինստիտուտ:

Այժմ գործող Սուրբ Փրկիչ հիվանդանոցը եւս համարվում է լավագույններից մեկը, հագեցված է ժամանակակից սարքավորումներով, հիվանդանոցում 150 մահճակալ կա: Այստեղ միայն հայերը չեն բուժվում` հիվանդանոցը սպասարկում է բոլորին:

Շիրինօղլուն նաեւ ասել է, որ տեղի հայկական հաստատությունների ցանկում Սուրբ Փրկիչ հիմնադրամի հիվանդանոցը երկրորդն է համարվում Պատրիարքարանից հետո: Վերջին տարիներին մի շարք քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ են այցելել հիվանդանոց, հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ այստեղ է այցելել Թուրքիայի վարչապետը, այնուհետեւ եկել են առողջապահության նախարարը, քաղաքական կուսակցությունների մի շարք առաջնորդներ:

Պետրոս Շիրինօղլուն Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու է` նրա անունը ներառված է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ցուցակում:

Պատասխանելով հարցին, թե պատգամավոր դառնալու դեպքում ի՞նչ է բերելու Թուրքիայի քաղաքական կյանք, Շիրինօղլուն ասել է. - «Իմ առաջնահերթությունը ողջ երկրի խնդիրներն են, մյուս առաջնահերթությունը` հիմնել երկխոսության կամուրջ թուրքերի եւ հայերի միջեւ»:

Անցյալ տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ընդունել էր Պետրոս Շիրինօղլուին: Հանդիպման ժամանակ Էրդողանը խոստացել էր ութ կալվածք վերադարձնել հայ համայնքին, իսկ հանդիպումից հետո, երբ լրագրողները Շիրինօղլուին հարց էին տվել Հայոց ցեղասպանության մասին, վերջինս ասել էր, թե չէր ցանկանա օգտագործել ցեղասպանություն բառը 1915 թվականին տեղի ունեցածի վերաբերյալ, «հին դեպքերը քրքրելը լավ չէ», եւ հույս էր հայտնել, որ երկու երկրների ղեկավարներին կհաջողվի ելք գտնել հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG