Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ահազանգեր ունի հանրահավաքի նախօրեին իր համակիրների նկատմամբ ճնշումների մասին


ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքի մասնակիցներ
ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքի մասնակիցներ
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) տեղեկացնում է ապրիլի 8-ի հանրահավաքի նախօրեին իր համակիրների վրա բանեցվող ճնշումների մասին: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի խոսքերով` դրանք լայնածավալ չեն:

«Տարբեր պաշտոնյաների ներկայացրած մեղադրանքները, բնականաբար, ազդեցին այդ համակարգի վրա, եւ այս անգամ իրենց գործողությունները` զսպելու ժողովրդի գալը եւ մասնակցությունը հանրահավաքին, այդքան, կարծես թե, լայնածավալ չեն: Բայց իսկապես մենք ունենք նման ահազանգեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը:

Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղի բնակիչ, ՀԱԿ-ի անդամ Կարինե Ծատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ հինգշաբթի օրը իր ամուսնու մեքենան տարել են Ապարանի ոստիկանություն` ստուգման: Նա համոզված է, որ դա արվել է հատուկ իրենց խանգարելու նպատակով, որպեսզի չկարողանան գնալ հանրահավաքի:

Պարզաբանումներ ստանալու համար կինը այցելել է ոստիկանություն, որտեղ, Կարինե Ծատրյանի վկայությամբ, Ապարանի ոստիկանապետը, պարզաբանումներ տալուց զատ, նաեւ բացատրական աշխատանք է տարել, որ ինքն ու իր ամուսինը չմասնակցեն ընդդիմության հանրահավաքին:

«Հետո ինքը ասաց, որ մեքենան հանցագործության մեջ են կասկածում, ամուսնուս ասում էին, որ ինքը հանցագործ է, այս է, այն է` մեքենան մտցրեցին հրապարակ», - պատմեց կինը` հավելելով, որ, ի վերջո, իրենք վերցրել են մեքենան. - «Որովհետեւ ես իրենց ասացի, որ միեւնույն է` մեքենան մնա բաժնում, թե չմնա, մենք մասնակցելու ենք ցույցին»:

Նա համոզմունք հայտնեց, որ իրենց մեքենան տարել էին ցույցի հետ կապված:

Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Կարինե Ծատրյանի պնդումը, թե ինքը նրա հետ բացատրական աշխատանք է տարել: «Ես այդ կնոջը ընդհանրապես չեմ էլ ճանաչում», - ասաց նա:

«Մեքենա բերել են, ես ե՞րբ եմ ասել, որ չեն բերել: Նա երեւի որ մեքենան բերել են` մտածել է` իր համա՞ր են բերել: Մեքենա բերել են, այո, զննել են` բաց են թողել: Վթարի ենթարկված մարդ ունենք Երեւան քաղաքում` չբացված, ուղղորդում ունենք` նայում ենք, չնայե՞նք», - ասաց Ապարանի ոստիկանապետը:

Կարինե Ծատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ մեքենան անձամբ իրեն է հանձնվել, սակայն` առանց արձանագրություն կազմելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG