Մատչելիության հղումներ

Սամսոն Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է


Հայտնի բռանցքամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյան
Հայտնի բռանցքամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյան
Մարտի 13-ից անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի հարազատները ահազանգում են, որ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Ըստ հարազատների` Սամսոն Խաչատրյանը շուրջ 4 ամիս առաջ Մոսկվայում սրտի բարդ վիրահատություն է տարել, եւ բուժումը դեռ 6 ամիս էլ պետք է շարունակվեր: Սակայն, մերձավորների ու պաշտպանական կողմի պնդմամբ, անազատության մեջ հայտնվելով` նա զրկվել է անհրաժեշտ բուժօգնությունից, եւ վերջին օրերին սրտի հիվանդության հետ կապված սրացումներ են սկսվել: Սամսոն Խաչատրյանի որդին ` Սարգիս Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօր առավոտյան հոր վիճակը շատ է վատացել:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սամսոն Խաչատրյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժիշկները Խաչատրյանին այսօր հետազոտել են եւ վիճակի վատթարացում չեն արձանագրել:

Սակայն Խաչատրյանը, չվստահելով քրեակատարողական հիմնարկի բժիշկների եզրակացություններին, իր փաստաբանին խնդրել է քաղաքացիական հիվանդանոցից մասնագետներ հրավիրել: «Արմենիա» բժշկական կենտրոնից երեք բժիշկ են եկել, սակայն նրանցից միայն մեկին են թույլատրել մտնել քրեակատարողական հիմնարկի տարածք: Այդ բժշկին չի հաջողվել հանդիպել Խաչատրյանին ու հետազոտել նրան:

«Սրտաբանը մտավ, մոտ 45 րոպե սպասեցինք, դուրս եկավ ասաց` ինձ ներս չեն թողել », - պատմեց Խաչատրյանի որդին` Սարգիսը:

Ըստ նրա` հիմնավորումն այն է եղել, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը նախապես չեն տեղեկացրել քաղաքացիական հիվանդանոցից բժիշկ հրավիրելու մասին:

ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ օրենքը ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունք տալիս է ազատորեն օգտվել իրենց նախընտրած բժիշկների ծառայություններից: Նրա համար անսպասելի չէր Խաչատրյանի վիճակի վատթարացումը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը չունի անհրաժեշտ պայմաններ Խաչատրյանին մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու համար: Ընտանիքի անդամներն են իրենց միջոցներով նրան անհրաժեշտ դեղորայքն ուղարկում», - նշեց Արմեն Խաչատրյանը` հավելելով. - «Սա, ըստ էության, եվրոպական իրավունքի տերմինաբանությամբ խոշտանգում է համարվում, որովհետեւ մարդը ունի բժշկական օգնության կարիք, Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում եւ նա չունի անհրաժեշտ բժշկական հսկողություն»:

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետը, սակայն, պնդում է, որ քրեակատարողական հիմնարկում այլ մասնագետներ հրավիրելու համար օրենսդրությամբ սահմանված են հստակ կանոններ:

«Թե փաստաբանը, թե նշված բժիշկները չեն պահպանել նշված կանոնները: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու եւ նախնական կալանքում գտնվող անձին հետազոտելու համար չեն ներկայացրել համապատասխան միջնորդություն, ինչն էլ հիմք կհանդիսանար քննարկել միջնորդությունը եւ ընդունել համապատասխան որոշում», - «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած գրավոր մեկնաբանությամբ տեղեկացրել է Արսեն Բաբայանը:

Այդուհանդերձ, ՀԱԿ-ը պահանջում է կա'մ անհապաղ փոխել Սամսոն Խաչատրյանի խափանման միջոցը, կա'մ նրա բուժօգնությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում:

please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG