Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ի եւ «Ժամանակ»-ի խմբագիրները ԶԼՄ-ներին համախմբվելու կոչ են անում


«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը եւ «Ժամանակ»-ի խմբագիր Արման Բաբաջանյանը
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը եւ «Ժամանակ»-ի խմբագիր Արման Բաբաջանյանը
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հինգշաբթի օրը հանդես եկավ լրատվամիջոցների համախմբման կոչով: Ժամ առաջ համախմբման կոչի պատճառը լրատվամիջոցների դեմ դատական հայցերի բազմապատկումն է:

Բաբաջանյանը` իբրեւ համերաշխության ժեստ առաջարկում է իր գործընկերներին իրենց թերթերում վերատպել բոլոր այն հոդվածները, որոնք քաղաքական գործիչների, հայտնի գործարարների համար հիմք են հանդիսացել դատական հայցեր ներկայացնելու լրատվամիջոցների դեմ:

«Պետք է կարողանանք պայմանավորվել, որ թերթերում տպագրված եւ դատական գործընթացների պատճառ դարձած հոդվածները բոլորս տպագրենք մեր թերթերում: Համերաշխություն ցույց տանք միմյանց նկատմամբ: Սա կարող է լինել շատ լավ պայքար այս բոլորի դեմ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բաբաջանյանը:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը հույս ունի, որ լրագրողական հանրությունն այս օրերին կկարողանա համախմբվել, մոբիլիզացնել ուժերը, դադարել չարախնդալ:

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի օր էլ դուք չեք հայտնվի դատարանում», - ասաց Օհանյանը:

Խմբագիրները կարծում են, որ «Զրպարտության եւ վիրավորանքի» մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն` առաջին հերթին վերացվեն տուգանքի նման չափերը: Նրանց կարծիքով` անցյալ տարի մայիսին օրենքի ապաքրեականացումը սխալ էր, վիրավորանքի եւ զրպարտության համար պատիժ սահմանող դրույթը պետք է վերադարձնել Քրեական օրենսգիրք: Խմբագիրներն ասում էին, որ ժամանակին, երբ դեռ հոդվածները ապաքրեականացված չէին, օլիգարխների, քաղաքական գործիչների ախորժակներն էլ այսչափ մեծ չէին, հիմա տուգանքը նրանք դիտում են լրատվամիջոցի նկատմամբ մահակ, ծնկի իջեցնելու ձեւ:

«Ոչ մի խմբագիր հաճույքով հերքում չի տպագրում, հերքում տպագրելը երբեմն ավելի ցավոտ է, քան գումար վճարելը: Պետք է այս պրոցեսի, այս խոսակցության մեջ ներքաշել օմբուդսմենին, որը եփել է այս ճաշը, եւ պիտի ամեն ինչ անի, որ օգնի դուրս գանք այս վիճակից», - ասաց Արմինե Օհանյանը:

Ստեղծված իրավիճակում խմբագիրները մեղավոր են համարում նաեւ Մարդու իրավունքների գործող պաշտպան Կարեն Անդրեասյանին (որպես իրավաբան` նա մասնակցել էր «Զրպարտության եւ վիրավորանքի» մասին օրենքի փոփոխությունների մշակմանը):

«Անցյալ շաբաթ [Անդրեասյանը] դիմել էր դատավորներին, որ ավելի հանդուրժող լինեն: Ամո'թ Մարդու իրավունքների պաշտպանին, որ փոխանակ խմբագիրներին հանդիպեր եւ կոնկրետ գործողություններ պլանավորեր` դիմելու ԱԺ-ին` անհապաղ օրենքի փոփոխություններ նախաձեռնելու համար», - ասաց Բաբաջանյանը:

Գործող օրենսդրությամբ անձը, որը արատավորված է համարում իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, կարող է դիմել դատարան իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձի դեմ եւ պահանջել վնասի հատուցում: Հատուցումը կարող է լինել ներողության, հերքման կամ տուգանքի տեսքով: Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել, զրպարտություն դեպքում` նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով:

Վերջին դատական հայցերը ցույց են տալիս, որ հայցվորները հիմնականում պահանջում են փոխհատուցման առավելագույն չափերը:

Այս պահին «Ժամանակ» օրաթերթի դեմ երեք դատական հայց կա, որոնք ներկայացրել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, շինարարական գործունեությամբ զբաղվող «Գլենդել հիլզ» կազմակերպությունը եւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Հրապարակ»-ի դեմ հայց է ներկայացրել անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում լրատվամիջոցների դեմ զրպարտության եւ վիրավորանքի համար 12 դատական հայց է ներկայացվել: Վերջերս գրացվեց մեկ այլ նորամուծություն, երբ գրանցված հայցերի դեպքում արգելանքներ են դրվում լրատվամիջոցների գույքի եւ ֆինանսական միջոցների վրա, ինչպես օրինակ, «Երկիր» եւ «Հրապարակ» օրաթերթերի պարագայում:

«Հրապարակ»-ի խմբագիրը տեղեկացրեց, որ արգելանքը հանելու պահանջով հայց են ներկայացրել դատարան: Դատարանի որոշումը պարզ կդառնա առաջիկա օրերին:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG