Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ից հաղորդում են Սամսոն Խաչատրյանի առողջական վիճակի կտրուկ վատացման մասին


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ մարտի 13-ից անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ, ՀԱԿ-ի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

«Փաստաբանն այսօր ահազանգեց, որ սրտի հիվանդության հետ կապված սրացումներ են սկսվել», - ասաց Արմեն Խաչատրյանը:

Սամսոն Խաչատրյանը 4 ամիս առաջ Մոսկվայում սրտի վիրահատություն է տարել, եւ, ըստ հարազատների, մինչ ձերբակալությունը նրա բուժումները դեռ շարունակվում էին:

«Սամսոն Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում, որովհետեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում բացակայում են պայմանները` այս հիվանդությանն անհրաժեշտ բուժօգնություն ու բժշկական հսկողություն ապահովելու համար: Սամսոն Խաչատրյանին հակացուցված է այդ պայմաններում մնալը», - նշեց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատուն:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սամսոն Խաչատրյանն այսօր բժշկական հետազոտման է ենթարկվել, որի արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ:

Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է ընդդիմության մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մարտի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանավորումը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG