Մատչելիության հղումներ

«Երկիր»-ի գույքի վրա արգելանք է դրվել


«Երկիր» օրաթերթի խմբագրությունը նախօրեին նամակ է ստացել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, որով տեղեկացվել է խմբագրության գույքի վրա արգելանք դնելու մասին:

«Ավագ հարկադիր կատարող Արմեն Մակյանը, ուսումնասիրելով Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի դիմումը, պարզել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն, պետք է հայցագնի` 3 միլիոն 568 հազար գումարի չափով արգելանք դնել խմբագրության գույքի վրա` բացառությամբ դրամական միջոցների», - ասված է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նամակում:

Դրանից ելնելով էլ` խմբագրության գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Երկիր»-ի խմբագիր Բագրատ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Արգելանքը դրվել է որպես հայցի ապահովման միջոց, այսինքն` եթե հանկարծ դատարանը որոշում կայացնի բավարարել պատգամավոր Արզաքանցյանի հայցը, որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել գույքի վրա, որ հետագայում եթե մենք չկարողանանաք վճարել տուգանքը, այդ գույքը վաճառվի, եւ պատգամավորի պահանջած գումարը նրան վճարվի»:

Եսայանը նշեց, որ իրենց դեպքում արգելանքը դրված է միայն խմբագրության գույքի վրա` ֆինանսական միջոցների արգելանք չի դրվել:

Խմբագիրը ընդգծեց, որ թերթի դեմ ներկայացված հայցում ի սկզբանե նման միջնորդություն չկար, միջնորդություն չի ներկայացվել նաեւ դատական առաջին նիստում. - «Դատարանի հրապարակային նիստի ժամանակ հարցը չի քննարկվել»:

«Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ արգելանք է դրվել «Հրապարակ» թերթի գույքի եւ բանկային հաշիվների վրա: Դուք որեւէ կապ տեսնո՞ւմ եք «Հրապարակ»-ի եւ ձեր թերթի գույքի նկատմամբ արգելանք դնելու միջեւ», - այս հարցին Բագրատ Եսայանը արձագանքեց. - «Սա արդեն գործելակերպ է դառնում դատարանի կողմից, եւ մեղավորը, բնականաբար, կարող եմ համարել միայն անկատար օրենքը: Եվ լավ կլիներ, որ օրենքի փոփոխությունը` այս ապաքրեականացումը նախաձեռնողները նախապես մտածեին, թե ինչ մեխանիզմներով են հակազդելու եւ ապահովելու, այսպես ասենք` եվրոպական չափանիշները, որի մասին այսօրվա օմբուդսմենը, որը այն ժամանակ նախաձեռնողներից մեկն էր օրենքի փոփոխության, միգուցե ճիշտ ժամանակը այդ մասին մտածելու մինչեւ նախաձեռնելն էր օրենքի փոփոխության, որովհետեւ հիմա նամակ գրել դատավորներին եւ հորդորել նրանց` Եվրադատարանի նախադեպերը հաշվի առնեն, միգուցե մի փոքր ուշացել է պարոն օմբուդսմենը»:

«Հայցը ներկայացնողները միգուցե մտածեին, որ պետք է իրե'նք փոխվեն, ոչ թե փորձեն ուղղակի փակել այն լրատվամիջոցը, որը ներկայացնում է իրենց պատկերը. իրե'նք ավելի զգույշ լինեն, չծեծվեն, կազինո չգնան, եթե դրանից ամաչում են», - շեշտեց «Երկիր»-ի խմբագիրը:

Ազգային ժողովի պատգամավոր, գինի եւ կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր»-ին` թերթից 3 միլիոն դրամ պահանջելով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:

Արզաքանցյանը գտնում է, որ թերթը այս տարվա հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրով հոդվածում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր նկատմամբ:
XS
SM
MD
LG