Մատչելիության հղումներ

Zaman. Աբխազիայի նախագահը կժամանի Թուրքիա


Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշ
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշ
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հինգշաբթի օրը ժամանելու է Ստամբուլ:

Zaman օրաթերթի փոխանցմամբ` Բագապշը Թուրքիա է մեկնում տեղի աբխազական համայնքի հրավերով: Թերթի տեղեկություններով` առաջիկա երկու օրերին Աբխազիայի նախագահը հանդիպումներ կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, ապա կմեկնի Ստամբուլ եւ աբխազական հոծ բնակչություն ունեցող Ադաբազար քաղաք: Պարբերականը պնդում է, որ այցի նախաձեռնողը Թուրքիայի աբխազական ընկերակցությունների ֆեդերացիան է, եւ Թուրքիայում գործող որեւէ պետական կառույց այս ուղեւորության կազմակերպման մեջ ներգրավված չէ:

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանը, օրինակ, նախօրեին հայտարարել է, թե ընդհանրապես որեւէ տեղեկություն չունի Բագապշի հնարավոր այցելության մասին:

Դեռ անցած տարվա սեպտեմբերին Սերգեյ Բագապշը հայտարարել էր. - «Ես պատրաստվում եմ մեկնել Թուրքիա եւ հանդիպել այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հետ: Սխալ է, երբ Աբխազիայի նախագահը տարիներ շարունակ չի շփվում Թուրքիայի աբխազական սփյուռքի հետ»:

Չորեքշաբթի օրը Սերգեյ Բագապշը Աբխազիայի կառավարության նիստն է վարել, սակայն դրա ընթացքում որեւէ հիշատակում այսօր մեկնարկող այցի մասին չի եղել:

Աբխազիայում աշխատող լրագրողներին, սակայն, հաջողվել է պարզել, որ Բագապշի աշխատակազմն արդեն իսկ գնել է Սոչի - Ստամբուլ չվերթի տոմսերը, իսկ նախագահի մամուլի ծառայության աշխատակիցները մի քանի օր է ինչ գտնվում են Թուրքիայում:

Նման գաղտնապահությունը պատահական չէ. նախկինում եւս Բագապշը մի քանի անգամ պատրաստվում էր մեկնել Թուրքիա, սակայն վերջին պահին այցերը չեղյալ էին հայտարարվում վրացական կողմի` պաշտոնական Անկարայի վրա բանեցրած դիվանագիտական ճնշման արդյունքում:

Zaman-ի մեկնաբանը նկատում է, որ Բագապշը Անկարայում կայանալիք հանդիպումների ընթացքում, ըստ ամենայնի, խնդրելու է Թուրքիայի իշխանություններին վերականգնել ուղղակի ծովային հաղորդակցությունը Աբխազիայի հետ:

«Դա է'լ ավելի կամրապնդի թուրք - աբխազական տնտեսական կապերը», - գրում է Zaman-ը` հիշեցնելով, որ այսօր Ռուսաստանի տարածքով Աբխազիա ներկրվող ապրանքների 70 տոկոսը թուրքական ծագում ունի:

«Անկարայի եւ Սուխումիի կապերն արգելափակելու` Սահակաշվիլիի վարչակազմի քաղաքականությունը ստիպում է աբխազներին սերտացնել կապերը Ռուսաստանի հետ: Չի բացառվում սակայն, որ Բագապշի այցը Անկարա Աբխազիայի համար շրջադարձային կետ դառնա` Վրաստանի, Թուրքիայի եւ ողջ Արեւմուտքի հետ հարաբերությունների առումով», - գրում է թուրքական պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG