Մատչելիության հղումներ

Հայաստանը այսօր նշում է Մայրության եւ գեղեցկության տոնը


Հայաստանը ապրիլի 7-ին նշում է Մայրության եւ գեղեցկության տոնը:

«Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն եւ սեր», - ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: - «Հայաստանի Հանրապետության այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին եւ արմատներին: Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին»:

«Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ եւս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Այսօր մենք ձեզ, սիրելի՛ կանայք, փոխանցում ենք մեր սերը` հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը: Զավակները երբեք չեն կարող վարձահատույց լինել իրենց ծնողներին, սակայն մշտապես պիտի գիտակցեն, որ իրենց խաղաղությունը, ձեռքբերումները, իրենց ընտանիքների լուսավոր ու կայուն ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են», - գրում է Սերժ Սարգսյանը իր ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

Տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի պատգամում, որը հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, մասնավորապես, ասված է. - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով եւ շնորհավորում կանանց` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ»:

«Աստվածածնի նման խոնարհությամբ, առ Աստված հավատարմությամբ կանայք պիտի արդյունազարդեն իրենց բացառիկ առաքելությունը` նոր սերունդ դաստիարակելու, ընտանեկան օրհնյալ հարկը սիրով եւ հոգատարությամբ զորացնելու, նաեւ ազգային-եկեղեցական մեր կյանքում իրենց կոչումը բարի գործունեությամբ արդյունավորելու», - ասված է Վեհափառի պատգամում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG