Մատչելիության հղումներ

Ապրիլի 7-ի մամուլ


«168 ժամ»-ին հարցազրույց է տվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Լրագրողը հարցնում է. - «Այս պահին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր ուժերն իշխանության դեմ պայքարելուց ավելի շատ կարծես թե միմյանց դեմ են պայքարում»: Օսկանյանը պատասխանում է. - «Ես հուսով եմ, որ ընդդիմությունը չի սխալվի: Նրանք պետք է լավ հասկանան, որ իրենց խնդիրը պետք է լինի հաջորդ խորհրդարանական ընտրություններում քաղաքական հակակշիռներ ստեղծելը: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն իր առաջ այդ խնդիրը պետք է դնի եւ այդ նպատակից ելնելով` պետք է այդ գործունեությունը վարի, այլապես հաջորդ ընտրություններում նույնպես մենք կրկին կունենանք բացարձակ մեծամասնությամբ ԱԺ: Այսօր ՀՀ ամենամեծ խնդիրը քաղաքական մենաշնորհն է: Եթե մենք չկարողացանք դա վերացնել, մեզ համար անհնար կլինի անդրադառնալ մյուս` տնտեսական, սոցիալական, ներքաղաքական, ժողովրդավարական խնդիրներին»: - «Բայց մենաշնորհները եւ Ձեր թվարկած բոլոր թերություններն առաջացել ու հզորացել են դեռ նախորդ իշխանությունների ժամանակ», - հարցնում է թերթը: - «Երբ ուզում է առաջացած լինեին, դա արդարացում չէ: 20 տարի է անցել մեր անկախությունից, եթե նախկինում եղել է, ուրեմն հիմա պետք է ուղղել: Բայց նախկինում շատ լավ բաներ էլ են եղել, որ այսօր չկան», - պատասխանում է Օսկանյանը:

«Ժամանակ»-ի հետ զրույցում Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե` «այ երբ Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ-ի պետ էր, իսկ ես էդ շենքի ներքեւի նկուղում, բանտում նստած էի, թող այդ ժամանակ մտածեր կամուրջների մասին», ասում է. - «Վահան Հովհաննիսյանին 1995 թվականին կալանավորել է Սերժ Սարգսյանը, ոչ թե ես: Դրանից հետո ինքը` Վահան Հովհաննիսյանը, շարունակում է այժմ էլ սերտ համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, իսկ նրա այն հանցագործ ընկերները, որոնց ես եմ 1994-ին կալանավորել, առայսօր բանտերում են»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «ՀԱԿ-ի համակարգողը հայտարարել է, թե «ընդդիմության 95 տոկոսը իրար սիրում է», մնացած 5 տոկոսին էլ հրավիրում է միանալ «իրար սիրելու» գործընթացին։ Թերթը հարցնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին. - «Ժառանգությունը» մտադիր չէ՞ արձագանքել «հրավերին»։ Սաֆարյանը նկատում է. - «Քաղաքականությունը իրար սիրելու կամ չսիրելու «վայր» չէ` արժեքներով եւ շահերով առաջնորդվելու տեղ է, եւ ցանկալի է, որ արժեքները մշտապես ուղեկցեն կամ առնվազն չստորադասվեն շահերին։ ՀԱԿ-ի որոշ անդամներ «Ժառանգությանը» դուրս էին դնում անգամ այդ 5 տոկոսից, այնպես որ մխիթարվենք նրանով, որ մեզ էլ են տեսնում այդ 5 տոկոսի մեջ»։

«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ: Թերթի լրագրողը հարցնում է. - «Իմ տպավորությամբ, Ազատության հրապարակը մի տեսակ կռվախնձորի նման բան է դարձել թե ընդդիմություն-իշխանություն եւ թե ընդդիմություն-ընդդիմություն հարաբերություններում: Նախ` «Ժառանգության» առաջնորդը այնտեղ նստեց, հետո ՀԱԿ-ը մտավ, իսկ իշխանությունը այնտեղ է ու այնտեղ»: Նիկոյանը պատասխանում է. - «Իհարկե, կարելի է առաջին հայացքից կռվախնձոր էլ համարել, առաջին հայացքից կարելի է այնտեղ անընդհատ միջոցառումներ անցկացնել, բաց պահել, փակ պահել եւ այլն: Այո, այդ կռվախնձորը վերջին երեք տարվա քաղաքական պայքարի կարեւոր բաղադրիչներից մեկն է դարձել: Էլի եմ ասում` եթե այնտեղ անցկացվում են հանրահավաքներ, որոնք իրենց մեջ օրենքի խախտում չեն պարունակում, դրան պետք է նորմալ վերաբերվել: Բայց եթե հրապարակը օգտագործվելու է այնպես, որ փորձ է արվելու հետագա գործընթացները տանել մեր պետության համար անցանկալի հետեւանքների, ապա, իհարկե, պետությունը պարտավոր է դրա դեմ ի սկզբանե քայլեր ձեռնարկել: Իսկ ինչ վերաբերում է հրապարակը նվաճելուն ուղղված ընդդիմության ներքին պայքարին, սա եւս շատ հետաքրքիր է: Որեւէ մեկը ինձ չի կարող քննադատել այս բառերի համար, ես կարծում եմ` դա պայքար է ոչ թե հրապարակի համար, այլ ընդդիմության ներսում` լիդերության համար»:

«Երկիր»-ի հետ զրուցել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը. - «Մինչեւ ապրիլի 24-ը Հայաստանը պետք է իր ստորագրությունները ետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակից, որովհետեւ ՀՀ նախագահն ասել է, որ գործընթացը Թուրքիայի հետ սպառված է, ինչն այդպես է: Բայց որպեսզի դա իրավականորեն լինի, կողմերից մեկը պետք է իր ստորագրությունը ետ վերցնի: Թուրքիան չի վերցնի, որովհետեւ այս վիճակն իր համար շատ նպաստավոր է: Ինքն այս պայմաններում, առանց վավերացնելու եւ որեւէ բան տալու, ստացել է այն, ինչ պիտի ստանար: Իսկ Հայաստանը, առանց որեւէ բան ստանալու, շատ բան է տվել: Իսկ ինչո՞ւ մինչեւ ապրիլի 24-ը: Նախ դա խորհրդանշական է, որովհետեւ ճանապարհային քարտեզի մասին հայտարարվեց երկու տարի առաջ, ապրիլի 22-ի գիշերը, իսկ անցած տարի նույն օրը ՀՀ նախագահը ԱԺ-ում կասեցրեց վավերացման գործընթացը: Բայց կարեւոր է, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը իր խոստումը կատարի, ոչ թե հղում անելով ինչ-որ գործընթացի` նորից խուսափի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG