Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ՀԱԿ-ին հիշեցնում է անցյալը


Վահան Հովհաննիսյան
Վահան Հովհաննիսյան
2003-ից իշխող կոալիցիայի անդամ, իսկ 2008-ին իրեն ընդդիմություն հայտարարած Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված հասարակական գործիչների եւ լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ չնայած քաղաքական դաշտում իրենց դիրքային փոփոխություններին` Դաշնակցության գաղափարները նույնն են մնացել:

«Շատ ընդդիմությունների տեսակներ կարող ենք նկատել Հայաստանում, որոնք երբ իշխանություն էին, այլ բան էին ասում, քան ասում են, երբ ընդդիմություն են», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով. - «Իսկ մենք` ինչ ասել ենք 95 թվականին, բանտում, բանտից ազատվելուց հետո, 2003-ի ժամանակ կոալիցիայում, եւ կոալիցիայից հետո, լինի դա ժողովրդավարության հարց, Ղարաբաղի հարց, կամ հայ-թուրքական հարաբերություններ, կտեսնեք, որ տարբերություն չկա»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, նկատի ունենալով «Ժառանգություն» - ՀԱԿ հարաբերությունները, հայտարարել էր. - «Երբ փորձում են այրել վերջին կամուրջները ընդդիմության կամ, որը նույնն է` ՀԱԿ-ի հետ, ես չեմ կարծում, որ նրանք քաղաքականապես ճիշտ են գործում: Նման գործելակերպը կտանի մարգինալացման, կհայտնվեն քաղաքական արխիվում կամ իշխանության դաշտում ամբողջապես»:

Հովհաննիսյանը քննադատեց ՀԱԿ-ի այս դիրքորոշումը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ վերաբերմունքն ու քննադատությունը:

«Ինչ վարկաբեկիչ արտահայտություն ասես` ՀԱԿ-ը Րաֆֆիի նկատմամբ արեց, եւ հիմա հանկարծ ասում են` մի այրեք կամուրջները: Այ, երբ Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ-ի պետ էր, իսկ այդ շենքի ներքեւի նկուղում` բանտում, նստած էի ես, թող այդ ժամանակ մտածեր այդ կամուրջների մասին», - հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավարը:

Դավիթ Շահնազարյանը նաեւ նշել էր, որ «կա իշխանություն, կա միավորված ընդդիմություն` հանձին ՀԱԿ-ի, եւ ՀԱԿ-ին ընդդիմություն հանդիսացող այլ քաղաքական եւ հասարակական միավորներ` «Ժառանգություն»-ն ու Դաշնակցությունը»:

Դաշնակցության ղեկավարը պնդեց, որ ՀԱԿ-ը ավելի քան իշխանական մոտեցումներ ունի որոշ սոցիալ-քաղաքական հարցերում եւ իրենք չէ, որ պետք է ասեն` ով է իրական ընդդիմությունը, ով` ոչ:

«Այսօր ՀԱԿ-ը գործող իշխանության հետ շատ ավելի մեծ ընդհանրություններ ունի (չնայած հայհոյանքներին, իրար ինչ ասես` ասելուն), բայց կան քաղաքական ասպարեզներ, որտեղ նրանց մոտիկ լինելը ուղղակի ցայտուն նկատվում է. Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերությունների հարց: Նրանք այստեղ համագործակցելու շատ ավելի մեծ դաշտ ունեն, քան Դաշնակցության հետ, «Նոր ժամանակներ» կուսակցության հետ կամ «Ժառանգության» հետ»:

Եվ վերջում, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել այլ կուսակցությունների հետ:

«Համագործակցել ծրագրի, կոնկրետ անելիքի, արդար ընտրության հարցում` խնդրեմ, բայց ոչ թե ով է լինելու ազգի պապան, կամ պապիկը», - ընդգծեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG