Մատչելիության հղումներ

Երգահանը պատրաստվում է դատի տալ «Տաղարան»-ի ղեկավարին


Armenia -- Zara Daniel, Armenian conposer, undated
Armenia -- Zara Daniel, Armenian conposer, undated

Երգահան Զառա Դանիելը չի բացառում, որ կարող է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի:

Վերջերս Կամերային երաժշտության տանը «Տաղարան» համույթը կատարել է Զառա Դանիելի ստեղծագործությունները` առանց հեղինակի համաձայնության:

«Ես զարմացա, իհարկե, եւ անմիջապես փորձեցի կանխարգելել համերգը… Ես նամակով դիմել եմ [Մշակույթի փոխնախարար] Արթուր Պողոսյանին, որպեսզի նա կանխարգելի անիրավազոր համերգը», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց երգահանը:

12 տարի առաջ Զառա Դանիելը Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա գրում է 5 ստեղծագործություն եւ հանձնում գործիքավորման Սեդրակ Երկանյանին: Աշխատանքը, սակայն, չի ներկայացվում հանրությանը` Զառա Դանիելի եւ Սեդրակ Երկանյանի միջեւ ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով: Ի վերջո երգահանը ետ է վերցնում իր ստեղծագործությունների նոտագրությունը:

Իսկ բոլորովին վերջերս Զառա Դանիելը տեղեկանում է, որ Երկանյանը պատրաստվում է «Տաղարան»-ի համերգում հնչեցնել կոնֆլիկտի պատճառ հանդիսացած ստեղծագործությունները:

Այդ համերգը, ի վերջո, տեղի է ունենում, ինչը Դանեիլը համարում է հեղինակային իրավունքի ոտնահարում. - «Ե'վ անձնային, ե'ւ հեղինակային, ե'ւ գույքային. հեղինակային իրավունքի բոլոր հնարավոր կետերը նա խախտել է»:

Սեդրակ Երկանյանը, մինչդեռ, համաձայն չէ Զառա Դանիելի պնդումներին:

«Ըստ օրենքի, ես որեւէ բան չեմ խախտել: Ի վերջո, որպես իմ աշխատանքի, իմ մասնաբաժնի տեր ու տիրական, իրավունք ունե՞մ հնչեցնելու այն բանը, որի վրա աշխատել եմ 3-4 ամիս… Գործիքավորելու ընթացքում իր [Զառա Դանիելի] երգերը այնպիսի տեսքով չեն հանդես գալիս, ինչպես ինքը մտորել է, հորինել է, ստեղծել է»:

Զառա Դանիելը, սակայն, ասաց. - «Համերգից առաջ նա, ճիշտ է, հնչեցրել է իմ անունը: Բայց ոչ մի տեղ նա չի ասել, որ ինքը որեւէ համաձայնություն ունի իմ կողմից: Ես անգամ տեղյակ չեմ եղել համերգի մասին»:

«Եթե ինձ չբավարարի իմ [փոխնախարար Արթուր Պողոսյանին ուղղված] նամակի պատասխանը, ես ստիպված կլինեմ դիմել դատարան», - ասաց երգահանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG