Մատչելիության հղումներ

Լրագրողը դատական կարգով Ռուբեն Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել


Արխիվ -- Ռուբեն Հայրապետյանը ասուլիսի ժամանակ, 3-ը փետրվարի, 2011թ.

Արխիվ -- Ռուբեն Հայրապետյանը ասուլիսի ժամանակ, 3-ը փետրվարի, 2011թ.

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցով դատավարությունը:

Լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին իրենից ներողություն խնդրել եւ գումարային փոխհատուցում վճարել` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

«Պատասխանողը վիրավորել է վստահորդիս: Դրսեւորել է վստահորդի անձնական եւ ընտանեկան կյանքի նկատմամբ անթույլատրելի միջամտություն», - դատարանում հայտարարեց Բալասանյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:

Փետրվարի 2-ին, երբ լրագրողը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, պատգամավորը նրան նախ անվանել է տգետ, հետո` հայհոյել, հետո ավելացրել` «լավ արեցի»:

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ, այդ թվում` լրագրողի հարցին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը:

Վահե Գրիգորյանը դատարանում վկայակոչեց Սահմանադրությունը, որտեղ սահմանված է, որ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են», որ «արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից», որ յուրաքանչյուր ոք պարտավոր է «պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց արժանապատվությունն ու իրավունքները»: Փաստաբանը հղում կատարեց նաեւ միջազգային կոնվենցիաներին ու Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջներին:

Սակայն Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց, որ իրենք առարկում են հայցի դեմ:

«Հարգելի դատարան, մենք մեր դիրքորոշումը կոնկրետ կներկայացնենք դատաքննության ընթացքում: Այս փուլում հայտարարում եմ, որ փաստերը չենք ընդունում, հայցապահանջը չենք ընդունում», - ասաց փաստաբանը:

Գեւորգ Գեւորգյանը հրաժարվեց պատասխանել Վահե Գրիգորյանի կոնկրետ հարցադրումներին, թե արդյոք առարկում է, որ փետրվարի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել պատգամավորի եւ լրագրողի միջեւ, եւ որ լրագրողի հասցեին պատգամավորի արտահայտություններում վիրավորանք կա: Լրագրողի փաստաբանը նաեւ հետաքրքրվեց, արդյոք հայհոյանքների ձայնագրության վերծանումը ճիշտ չի կատարված, եւ ի վերջո` արդյոք պատասխանող կողմը հերքում է այս գործով Հատուկ քննչական ծառայության կողմից կայացված որոշման մեջ շարադրված փաստերը:

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ այդ հարցերին նախնական դատական նիստում չի պատասխանի, իրենց դիրքորոշումը դատաքննության ժամանակ կհայտնեն, որը ապրիլի 27-ին նշանակվեց:

«Հետք» պարբերականի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը մինչ դատարան դիմելը հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն` խնդրելով միջոցներ ձեռնարկել Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար այն հիմնավորմամբ, որ պատգամավորը ակնհայտորեն խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել` հիմնավորելով, որ պատգամավորը չի խոչընդոտել Գրիշա Բալասանյանի մասնագիտական գործունեությանը: Միաժամանակ, ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու մասին իր պատասխանում մեջբերել էր Ռուբեն Հայրապետյանի բացատրությունը, ով չժխտելով կատարվածը, ասել էր, որ այդ օրն անտրամադիր է եղել, առողջական խնդիրներ է ունեցել, լրագրողին ուղղորդել է, որ հետաքրքրող հարցերով դիմի իր մամուլի քարտուղարին, ու անջատել է հեռախոսը: Հետո նույն լրագրողը նորից է զանգահարել, որից վրդովված` նրան անպատիվ խոսքեր է ասել:

Գրիշա Բալասանյանի փաստաբան Վահե Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչելով, որ «ՀՔԾ-ին տրված բացատրության մեջ Ռուբեն Հայրապետյանը չի հրաժարվել ոչ հեռախոսազանգից, ոչ վիրավորանքից», տարակուսանք հայտնեց պատասխանող կողմի` այսօրվա դիրքորոշման առնչությամբ:

«Պատասխանողն ինքն ընդունել է դա ժամանակին, եւ հասկանալի չէ, թե ինչու է այսօր նման պատասխան ներկայացնում», - նշեց Բալասանյանի փաստաբանը:

Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը հրաժարվեց հարցազրույցից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG