Մատչելիության հղումներ

Լիբիայի ապստամբները ՆԱՏՕ-ի աջակցությունն են հայցում


Լիբիա -- Ապստամբների հրամանատար Աբդել Ֆաթահ Յունեսը ասուլիս է տալիս Բենգազիում, 5-ը ապրիլի, 2011թ.
Լիբիա -- Ապստամբների հրամանատար Աբդել Ֆաթահ Յունեսը ասուլիս է տալիս Բենգազիում, 5-ը ապրիլի, 2011թ.
ՆԱՏՕ-ն չորեքշաբթի օրը հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի Լիբիայում գնդապետ Մուամար Քադաֆիի զորքով շրջապատված Միսրաթայի խաղաղ բնակիչների սպանդը կանխելու համար:

Մայրաքաղաք Տրիպոլիից 200 կիլոմետր արեւելք գտնվող Միսրաթան Լիբիայի մեծությամբ երրորդ քաղաքն է։ Քադաֆիին հավատարիմ ստորաբաժանումները շուրջ 40 օր շարունակ հրետակոծում են Միսրաթան:

Ընդդիմադիր ապստամբների հրամանատար Աբդել Ֆաթահ Յունեսը երեքշաբթի օրը ասել է, որ եթե ՆԱՏՕ-ն հապաղի` Քադաֆին Միսրաթայում զանգվածային կոտորած կիրականացնի:

«Եթե ՆԱՏՕ-ն եւս մեկ շաբաթ սպասի, նրանք Միսրաթան վերջնականապես կավերեն, այնտեղ ողջ մարդ չեն թողնի, բոլորին կսպանեն, եւ այդ հանցագործության համար պատասխանատվությունը միջազգային համայնքն է կրելու։ Ո՞ւր է ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը մեր ճակատագիրը հանձնել է ՆԱՏՕ-ին, բայց նրանք ոչինչ չեն անում»,- ասել է ապստամբ հրամանատարը:

Հյուսիսատլանտյան դաշինքի խոսնակ Կարմեն Ռոմերոն չորեքշաբթի օրը ասել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունների ընթացքը չի դանդաղի:

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտնել է, որ Միսրաթայի իրավիճակը մտահոգություն է պատճառում, եւ ինքն այդ խնդիրը քննարկելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Ժյուպեն պարզաբանել է գործողությունների արագությունը որոշ չափով զսպելու հանգամանքը։ Նրա խոսքերով` գնդապետը մեծ թվով խաղաղ բնակիչների կարգադրել է հավաքվել ռազմական օբյեկտների մոտ:

Քադաֆիի զինվորները դիրքավորվում են խիտ բնակեցված թաղամասերում, ինչը չափազանց դժվար է դարձնում օդային գրոհները, քանի որ դրանք անխուսափելիորեն կվտանգեն շարքային մարդկանց կյանքը:

«Մենք ի պաշտոնե հավաստիացրել ենք, որ թույլ չենք տա կորուստներ խաղաղ բնակչության շրջանում` դա է տեմպի անկման պատճառը», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Այդ կացության մասին որոշակի տարակուսանքով է խոսել նաեւ ֆրանսիացի ծովակալ Էդուարդ Գիյոն:

«Ես էլ կցանկանայի ամեն ինչ ավելի արագ կատարել, սակայն խաղաղ բնակիչների անվտանգության հարցը դա թույլ չի տալիս», - ասել է ծովակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG