Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունը խոստանում է կասեցնել նաեւ ապրիլի 16-ին ծրագրված ակցիան


Ադրբեջան - Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմության հանրահավաքի անցկացումը Բաքվի կենտրոնում, 2-ը ապրիլի, 2011թ.
Ադրբեջան - Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմության հանրահավաքի անցկացումը Բաքվի կենտրոնում, 2-ը ապրիլի, 2011թ.
Ադրբեջանի իշխանությունները զգուշացնում են` ապրիլի 16-ին նախատեսված ընդդիմության բողոքի ակցիան եւս կասեցվելու է: Այս մասին APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը:

«Մենք կառավարում ենք երկիրը նորմալ ընդդիմադիր ուժերի եւ այլ քաղաքական-հասարակական կառույցների հետ երկխոսության պայմաններում: Երկրում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակ հետապնդվող քաղաքական ուժերի հետ մենք կխոսենք իրենց իսկ լեզվով», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Անցած շաբաթ օրը ադրբեջանական ընդդիմությունը բողոքի գործողություն կազմակերպեց Բաքվի կենտրոնում, որը, սակայն, կասեցվեց հատուկ ջոկատայինների եւ ներքին զորքերի կողմից: Մոտ 200 մարդ բերման ենթարկվեց, նրանցից 85-ը վարչական տույժի ենթարկվեց, եւս 5 ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին:

«Ոստիկանության գործողություններում որեւէ արտասովոր բան չկա: Ոստիկանությունը արել է այն, ինչ պետք է աներ` կանխել է մի խումբ մարդկանց փորձը` խաթարել Ադրբեջանում առկա հանրային անդորրը: Միացյալ Նահանգներում եւ ԵԱՀԿ-ի անդամ ցանկացած պետությունում ոստիկանությունը նույն կերպ է վարվում», - հայտարարել է Հասանովը` արձագանքելով այն մտահոգությանը, որ շաբաթօրյա իրադարձությունների առթիվ հայտնել են Բաքվում հավատարմագրված արեւմտյան դիվանագետները:

Ադրբեջանցի իրավապաշտպանները նշում են, որ վերջին օրերին ճնշումը ընդդիմադիր ակտիվիստների վրա աննախադեպ չափերի է հասել:

Երկու օր առաջ դաժան ծեծի է ենթարկվել ընդդիմադիր «Ազադլըղ» թերթի աշխատակից, 2010 թվականին տարվա լավագույն լրագրող ճանաչված Ռամին Դեկոն: Նրան ծեծի են ենթարկել թերթի խմբագրության հարեւանությամբ` միաժամանակ խորհուրդ տալով «իրեն խելոք պահել եւ չմասնակցել ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաներին»:

Չնայած այս ճնշումներին` ընդդիմությունը ոգեւորված է բողոքի վերջին ակցիայի արդյունքներից:

«Ապրիլի 2-ի ցույցից հետո պայքարի ինտրիգը այդպես էլ չհանգուցալուծվեց: Թե' իշխանությունը եւ թե' ընդդիմությունը կարող են գոհունակությամբ ասել, որ հասել են իրենց առջեւ դրված նպատակներին: Իշխանությունը ճնշումների միջոցով առժամանակ հեռացրեց վտանգը, ընդդիմությունն էլ կարողացավ աշխուժություն մտցնել թմբիրում գտնվող մայրաքաղաքում` միաժամանակ պահպանելով հետագա պայքարի տրամադրվածությունը», - գրում է ադբեջանցի հայտնի լրագրող Զաֆար Գուլիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG