Մատչելիության հղումներ

Ապրիլի 6-ի մամուլ


«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Իշխանությունները պարբերաբար շրջանառության մեջ են դնում միասնական կոալիցիոն ցուցակի գաղափարը: Սա ենթադրում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հաջորդ խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել մեկ միասնական համամասնական ցուցակով: Որքան էլ զարմանալի է, միասնական համամասնական ցուցակի հարցում ամենաշատը շահագրգռված է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը: Միասնական ցուցակի պարագայում քաղաքական դաշտը միանգամից բաժանվում է կողմ եւ դեմ ճամբարների, որի դեպքում ՀԱԿ-ը ստանում է իրեն չհամակրող, բայց ճարահատյալ իրեն քվեարկող հասարակության մի զգալի հատվածի ձայները: Համամասնական ցուցակը, որքան էլ անտրամաբանական է, նույնքան էլ կործանարար կարող է լինել քաղաքական դաշտի մյուս հիմնական ուժերի համար: Այս համատեքստում բավական դժվարանալու է Դաշնակցության եւ «Ժառանգության» խնդիրը, որոնք ստիպված են լինելու կարճ ժամանակում կողմնորոշվել հրապարակային քաղաքականության եւ ընդհանրապես պետության համար` վտանգավոր քայլից առաջացած նոր իրավիճակում»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստանի երկրորդ նախագահն էր, եւ ով թերեւս որեւէ կերպ չի հրաժարվում, ասենք, չորրորդ նախագահն էլ լինելու մտադրությունից, հերթական` երրորդ լրատվամիջոցին է դատի տվել եւ ֆինանսական մեծ փոխհատուցում է պահանջում: «Հայկական ժամանակ» եւ «Ժամանակ» թերթերից բացի, Քոչարյանն այժմ էլ դատի է տվել «Հրապարակ» թերթին: Ըստ երեւույթին, Հայաստանի երկրորդ նախագահը կանգնել է ներքաղաքական լուրջ բարդությունների առաջ եւ նաեւ լրատվամիջոցների դեմ գրոհներով է փորձում դուրս գալ այդ բարդությունից: Խոսքը բարդությունից ֆինանսական շահով դուրս գալու մասին չէ, այլ այն երկուստեք ծուղակի մասին, որում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը, ու որը ըստ էության վտանգել է նրա քաղաքական ծրագրերը: Իսկ դրա նախանշանները երեւացին այն նախանշաններից հետո, որոնք շատերին հիմք տվեցին եզրակացնել, որ ընդդիմության, տվյալ դեպքում Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ կարող է լինել որոշակի շրջանակում, որոշակի կանոնների շուրջ կայացված կամ գոնե դիտարկվող փոխհամաձայնություն: Դա Ռոբերտ Քոչարյանի համար խիստ անցանկալի հեռանկար է, քանի որ եթե իշխանությունն ու Կոնգրեսը որոշում են խաղալ երկուսով, ապա այդտեղ արդեն Ռոբերտ Քոչարյանի համար մանեւրի շանս չի մնում»:

«Կապիտալ»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանին հարցնում է. -«Այսօր ընդդիմադիր դաշտում ստեղծվել է մի վիճակ, որ ընդդիմությունը ոչ թե պայքարում է իշխանության դեմ, այլ ընդդիմադիր տարբեր ուժեր պայքարում են միմյանց հետ եւ փոխադարձաբար իրար մեղադրում իշխանությունների հետ գործարք կնքելու մեջ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այս երեւույթը պայմանավորված»: Պատասխան. - «Իշխանությունը միշտ էլ ձգտել է պառակտում մտցնել ընդդիմության մեջ։ 2001-ից սկսած, երբ տեսել են, որ ընդդիմությունն ուժեղացել է, անմիջապես անցել են կեղծ ընդդիմությունների ստեղծմանը՝ նպատակ ունենալով թուլացնել ընդդիմադիր դաշտը։ 2008թ. Արթուր Բաղդասարյանը ասածիս լավագույն օրինակն է, երբ նախընտրական պայքար մտավ որպես ընդդիմություն եւ պայքարն ավարտեց որպես իշխանություն։ Սա իշխանության աշխատելաոճն է։ Մենք՝ ՀԱԿ-ը, հստակ ասել ենք մեր քայլերը, մեր ծրագրերը։ Հիմա այն ուժերը, որոնք մեզ հակառակ են խոսում, պետք է հստակ ձեւակերպեն իրենց պահանջները եւ ծրագրերը։ Ես այսօր նման ուժ չեմ տեսնում, իսկ եղածների մեջ չեմ տեսնում քայլերի հստակություն եւ ծրագրային հաջորդականություն՝ ուղղված իշխանափոխության իրականացմանը»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին հարցնում է. - «Քաղբանտարկյալների ազատ արձակումը Կոնգրեսի թիվ 1 պահանջն է: Ձեր կարծիքով, այդ գործընթացը կավարտվի իշխանափոխությունից առա՞ջ, թե՞ իշխանափոխության միջոցով»: Պատասխան. - «Եթե այդ հարցն ինձ տային 1 ամիս առաջ, ես միանշանակ կասեի` իշխանափոխությունից հետո: Բայց հիմա ես տեսնում եմ, որ մինչեւ իշխանափոխությունը բանտերում նստած մեր ընկերները մեզ հետ դրսում կլինեն եւ մեզ հետ միասին կմասնակցեն այն գործընթացին, որը տանելու է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին»:

Հաջորդ շաբաթ Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է. - «Չեմ կարող ասել, թե ընդդիմության ներկայացուցիչներն ինչ շեշտադրումներ կանեն, բայց ամեն դեպքում դիմում եմ պատվիրակության բոլոր անդամներին, անկախ նրանից` իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն. երկրի ներքին խնդիրները պետք է լուծել երկրի ներսում, ոչ թե պրոբլեմներն ուռճացնել եւ բարձրաձայնել միջազգային տարբեր ամբիոններից։ Դրանով խնդիրները չեն լուծվում։ Պետք է ասեմ, որ վերջին նստաշրջաններում կարողանում ենք համակարգված աշխատել պետական, ազգային գերակա շահերը դրսում ներկայացնելու եւ պաշտպանելու համար։ Կարծում եմ, սա է ամենակարեւորը. երկրի ներսում մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ, անհամաձայնություններ, քննարկել ցանկացած խնդիր, բայց երբ այդ խնդիրն ուռճացվում եւ խեղաթյուրված ներկայացվում է միջազգային կառույցներում` առատ նյութ տալով մեր թշնամիներին, չեմ կարծում, թե նման մարտավարությունը պատիվ է բերում որեւէ քաղաքական ուժի կամ պատգամավորի հենց երկրի ներսում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG