Մատչելիության հղումներ

Իշխանությունների քայլերը «բավարար չեն»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը մամուլի ասուլիսում: 5-ը ապրիլի, 2011թ.
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը մամուլի ասուլիսում: 5-ը ապրիլի, 2011թ.

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, եթե անգամ կարելի է ընդունել, որ իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկում են ՀԱԿ-ի պահանջների կատարման ուղղությամբ, ապա այս պահի դրությամբ դրանք բավարար չեն:

Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը փոխանցեց, որ ապրիլի 8-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի, թե երբ ՀԱԿ-ը վերջնագիր կներկայացնեի իշխանություններին` եթե վերջիններս շարունակեն չկատարել իրենց պահանջները:

Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, երեք հիմնական պահանջ է դրել իշխանություններին առջեւ` «քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատություն հրապարակում ընդդիմության հանրահավաքների թույլատրում եւ Մարտի 1-ի սպանությունների մեղավորներին բացահայտելու հրահանգ»:

Զուրաբյան նշեց, թե, նկատի ունենալով, որ ապրիլի 8-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3 տարին (նախագահի պաշտոնը Սարգսյանը ստանձնել է 2008 թվականի ապրիլի 9-ին), ապրիլի 8-ի հանրահավաքը կարելի է համարել այդ 3 տարիների ամփոփման յուրահատուկ հնարավորություն:

Ընդդիմադիր գործիչը, այդուհանդերձ, այսօր էլ խոսեց այդ մասին` «ուղղակի աղետալի» որակելով այդ տարիները ժողովրդի համար երեք առանցքային բնագավառներում` սոցիալ-տնտեսական զարգացման, արտաքին քաղաքականության դիրքերի ամրացման եւ երկրում ժողովրդավարական ազատությունների առումով:

«Մինչ 2008-ից 2010 թվականների աշխարհում եղել է գնանկում, Հայաստանում գրանցվել է տարեկան միջին հաշվով 7 տոկոսանոց գնաճ, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող գնաճը որեւէ կերպ կապված չէ համաշխարհային գների հետ, այլ բացառապես պայմանավորված է իշխող ռեժիմի կազմակերպված թալանով եւ ապօրինի մոնոպոլիաներով», - հայտարարեց նա` շարունակելով. - «Նրա դիվանագիտության արդյունքում Եվրոպայի խորհրդի 2008 թվականի հուլիսի 24-ին ընդունված 1614 բանաձեւը, ԵԱՀԿ-ի 2009 թվականի աթենքյան եւ 2010 թվականի Աստանայի որոշումները, 2010 թվականի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը… բոլոր այս փաստաթղթերը վկայում են, որ մենք ուղղակի պարտվում ենք Ղարաբաղյան եւ դիվանագիտության ճակատում, քանի որ այդ փաստաթղթերում աստիճանաբար տեղ են գտնում աննպաստ արտահայտություններ, որոնք, ըստ էության, հաստատում են Ադրբեջանի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եւ կանխորոշում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում»:

Խոսելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակի մասին` ՀԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, թե գոնե այս բնագավառում կարելի էր ինչ-որ առաջընթաց արձանագրել, բայց դա էլ չեղավ. - «Մինչեւ հիմա շարունակում են բանտերում պահել քաղբանտարկյալներին: Մեկ, երկու, երեք հոգու բաց թողնելը ոչ մի կապ չունի. քաղբանտարկյալներ երկրում կա'մ կան, կա'մ չկան: Երեւանի ավագանու ընտրությունները, այլ ընտրությունները ցույց տվեցին, որ ռեժիմը շարունակում է պահպանել իշխանությունը միայն կեղծված ընտրությունների միջոցով»:

«Այսպիսով, մենք գործ ունենք կատարելապես ձախողված մի իշխանության հետ, որը որեւէ բնագավառում ոչինչ չի կարողացել տալ սեփական ժողովրդին եւ չունի իր պաշտոնավարության շարունակման համար որեւէ արդարացում», - եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG