Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը չի բացառում առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը:

«Դա քաղաքական քննարկումների շրջափուլում պիտի որոշվի` ելնելով յուրաքանչյուր կուսակցության ռազմավարությունից», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեքշաբթի օրը նշեց Բաղդասարյանը` հավելելով, սակայն, որ առայժմ նման քննարկում կոալիցիոն ուժերի միջեւ տեղի չի ունեցել:

«Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կառույցները աշխատում են նպատակասլաց կերպով, որպեսզի մեր քաղաքական կազմակերպությունը ինքնուրույն մասնակցի ընտրություններին: Իսկ եթե կլինեն նման քննարկումներ, այն ժամանակ էլ ե՛ւ մեր կուսակցությունը, ե՛ւ մյուս կուսակցությունները համապատասխան որոշում կկայացնեն», - նաեւ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը:

ՕԵԿ-ի ղեկավարը չի ժխտում այն փաստը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, ընդունելով քաղաքական կոալիցիա կազմելու` նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը, կուսակցությունն ունեցել է հանրային վստահության որոշակի կորուստ, սակայն, Արթուր Բաղդասարյանի խոսքով, անցել է 3 տարի, եւ «շատ արժեքներ վերաիմաստավորվել են»:

«Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության շարքերում մեծ համալրում կա: Միայն 2010 թվականին 10 հազարից ավելի Հայաստանի քաղաքացիներ անդամակցել են մեր կուսակցությանը: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ ավելի ռեալ գնահատեցին մեր կատարած քայլի ճշմարտացիությունը», - նշեց ՕԵԿ-ի ղեկավարը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG