Մատչելիության հղումներ

ԼՂ-ում պայքարում են հացի անհիմն թանկացումների դեմ


Լեռնային Ղարաբաղի Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի երեքշաբթի օրվա որոշմամբ՝ Ստեփանակերտի երեք խոշոր հացարտադրողները պարտավոր են վեց ամիս պարբերականությամբ հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված ապրանքների ծավալի եւ գների շարժի վերաբերյալ, իսկ գնաճի դեպքում՝ համապատասխան հիմնավորում:

Այդ երեք ընկերությունները Հանձնաժողովի կողմից ճանաչվել են որպես տվյալ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողներ:

Այս տարվա փետրվարին ԼՂ-ում բարձրացան ալյուրի եւ հացի գները: Կատարված ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել էր, որ այդ թանկացումները հիմնավորված չեն: Հարցին այդ օրերին անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, ով հանդիպել էր հացարտադրողների հետ եւ հայտարարել, թե պետք է մշակել անհիմն գնաճը զսպող մեխանիզմներ:

Այսօր ԼՂ-ի Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ «հացի շուկայի բոլոր մասնակիցների կողմից կիրառվող գնային քաղաքականության նկատամբ լինելու է մշտական հսկողություն՝ գների մակարդակի վրա ազդող տարբեր գործոնների ազդեցության առումով դրանց համահունչ առաձգականությունը ապահովելու նպատակով»:

Հաց արտադրող «Էրմի» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Անթանոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նոր պարտականություններն առանձնակի դժվարություն չեն ներկայացնում:

«Պատրաստ ենք ամեն վեց ամիսը մեկ ներկայացնել պահանջվող հաշվետվությունները», - ասաց Անթանոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG