Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցությունը հրաժարվում է «ազատել տարածքը»


Պետական գույքի կառավարման վարչությունը հրաժարվել է վերակնքել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակի վարձակալության պայմանագիրը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը Երեւանի Վաղարշյան 12 հասցեում գտնվող տարածքը զբաղեցնում է 1996 թվականից:

Ապրիլի 1-ին լրացել է գրասենյակի տարածքի վարձակալության ժամկետը եւ կուսակցությունը մտադիր է եղել սովորականի պես պայմանագիրը երկարաձգել: Սակայն մարտի 31-ին կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը ստացել է գրություն, որով կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը տեղեկացրել է, թե «նպատակահարմար չի համարում կուսակցության հետ կնքված վարձակալության պայմանագրի վերակնքումը»:

Նույն գրությամբ Վարչությունը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը պարտավորեցրել է ապրիլի 1-ին` պայմանագրի ժամկետի ավարտից հետո, «ազատել տարածքը»:

«Վրեժ են ուզում լուծել», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

Կուսակցությունը ի սկզբանե վարձակալությամբ զբաղեցրել է շենքի տարածքի 315 քառակուսի մետրը: Սակայն 2008-ի ամռանը, երբ հետընտրական իրադարձությունների առնչությամբ Պետրոս Մակեյանը կալանավորված էր, կառավարությունը դատական կարգով վերցրել է տարածքի մեծ մասը` 240 քառակուսի մետրը, հետագայում կուսակցությունը զրկվել է եւս 30 քառակուսի մետր տարածքից, իսկ այժմ էլ Պետական գույքի կառավարման վարչությունը պահանջում է վերջնականապես ազատել ամբողջ տարածքը:

Պետական գույքի կառավարման վարչության պետի մամուլի քարտուղար Մանուկ Տեր-Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիմնավորեց, որ պետական կառավարչական հիմնարկներին տարածքներով ապահովելու անհրաժեշտություն կա: Նրա խոսքով, մասնավորապես, ազատվելիք տարածքը հատկացվելու է Սոցապ հիմնադրամի Արաբկիրի տարածքային կառույցին:

«Այստեղ քաղաքական որեւէ դրդապատճառ չկա: Մեր վարչությունը քաղաքականության չի խառնվում: Պետական գույք ենք մենք տնօրինում ընդամենը, ուրիշ ոչինչ», - հավաստիացրեց Վարչության խոսնակը:

Պետրոս Մակեյանը սակայն մտադիր չէ տարածքը լքել եւ իր բնորոշմամբ` «այս կամայական որոշումը» բողոքարկելու է դատարանում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG