Մատչելիության հղումներ

Քադաֆին պատրաստ է մտածել բարեփոխումների մասին


Լիբիա -- Երկրի ղեկավար Մուամար Քադաֆին դիմում է իր կողմնակիցներին, Տրիպոլի, մարտ, 2011թ.
Լիբիա -- Երկրի ղեկավար Մուամար Քադաֆին դիմում է իր կողմնակիցներին, Տրիպոլի, մարտ, 2011թ.

Լիբիայի ղեկավարի խոսնակ Մուսա Իբրահիմը հավաստիացնում է, որ միայն Մուամար Քադաֆին է ի զորու կանխել երկրի պառակտումը։

19 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Լիբիայի իրավիճակին վերաբերող 1973 բանաձեւը, որն էլ հիմք ընդունելով` արեւմտյան դաշինքը ռազմական գործողություններ է սկսել թռիչքազերծ գոտի եւ զենքի մատակարարման էմբարգո սահմանելու համար։

Այս ընթացքում Լիբիայի օդուժը եւ հակաօդային պաշտպանության համակարգերը, զինվորական պահեստները, հրասայլերի շարասյուները եւ հրետանին անդադար ենթարկվել են հուժկու ռմբահարման եւ հրթիռակոծման։

Գնդապետ Քադաֆիի բանակը ծանր կորուստներ է կրել, զոհվել են նաեւ ընդդիմադիր ապստամբները, կորուստներ են եղել խաղաղ բնակչության շրջանում, եւ ահա` 19 օր անց երկրի ղեկավարն ակնարկել է, թե պատրաստ է քննարկել բարեփոխումներ իրականացնելու եւ ընտրություններ անցկացնելու գաղափարը։

«Քադաֆին խորհրդանշական կարեւորություն ունի Լիբիայի ժողովրդի համար։ Թե ինչպես է կառավարվում Լիբիան` դա արդեն այլ հարց է։ Ինչ քաղաքական համակարգ է գործում` այլ հարց է։ Դրա շուրջ կարելի է բանակցել, մենք կարող ենք քննարկել ցանկացած տարբերակ` ընտրություններ, հանրաքվե, որեւէ բան»,- ասել է Քադաֆիի խոսնակ Մուսա Իբրահիմը։

Նրա փոխանցմամբ, Լիբիան երբեւէ չի ընդունի արտասահմանից պարտադրված որոշումներ, մասնավորապես` իշխանությունը հանձնելու մասին Քադաֆիին Արեւմուտքի ներկայացրած պահանջը, սակայն հաշվի առնելով երկրի արեւելյան շրջաններում հետզհետե ընդարձակվող զինված ապստամբությունը` առաջնորդը պատրաստ է քննարկել Լիբիայում ժողովրդավարության, թափանցիկության, մամուլի ազատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը։

Մուսա Իբրահիմի խոսքերով` Քադաֆին է երկիրը միավորող ուժը, անձնավորությունը, որն ի զորու է «փրկել երկիրը պառակտումից, թույլ չտալ, որ Լիբիան վերածվի մի նոր Իրաքի, Սոմալիի կամ Աֆղանստանի»։

Մինդեռ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր արեւմտյան դաշինքի օդուժը Բրեգա առափնյա ավանի մոտակայքում նոր հարվածներ է հասցրել Քադաֆիի ստորաբաժանումներին, ոչնչացվել է երկու զրահամեքենա։ Այդ գրոհը ապստամբներին ընձեռել է առաջ շարժվելու հնարավորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG