Մատչելիության հղումներ

Սամասթ. «Դինքին սպանել եմ թերթերի հրապարակումների ազդեցության տակ գտնվելով»


Թուրքիա - Ոստիկանները Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում) տեղափոխում են դատարան, Ստամբուլ, հուլիս, 2007 թվական
Թուրքիա - Ոստիկանները Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում) տեղափոխում են դատարան, Ստամբուլ, հուլիս, 2007 թվական
Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթի համոզմամբ`«Ակոս»-ի խմբագրի մահվան իրական մեղավորը թուրքական լրատվամիջոցներն են:

Երկուշաբթի օրը Ստամբուլի Սիրքեջի շրջանի անչափահասների գործերով դատարանում կայացած հերթական լսումների ժամանակ դատավարությանը մասնակցող կողմերին է ներկայացվել Սամասթի գրավոր հայտարությունը, որում նա պնդում էր, թե Դինքի սպանությունը կատարել է թուրքական թերթերում տեղ գտած հոդվածների ազդեցության տակ:

«Ես մեղավոր չեմ, մեղավորն այն պարբերականներն են, որ իրենց հոդվածներում Հրանտ Դինքին բնութագրում էին որպես դավաճան», - գրել է Սամասթը:

«Այժմ ես վերջնականապես ազատվել եմ այն ողջ աղբից, որ կուրացնում էր ինձ: Հիմա այդ հոդվածների հեղինակների մտածելու հերթն է: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ինձ հասցրեցին այս վիճակին», - նշել է Սամասթը` պնդելով. - «Ես նույնիսկ տեղյակ չէի «Ակոս»-ի գոյության մասին: Հրանտ Դինքի մասին ես իմացել եմ թերթերի հրապարակումներից եւ հենց այդ հրապարակումների պատճառով էլ ես զոհաբերեցի ինձ»:

Ստամբուլի կենտրոնում 2007 թվականի հունվարին Հրանտ Դինքի դեմ մահափորձի անմիջական հեղինակ Օգյուն Սամասթը հանցագործության պահին ընդամենը 17 տարեկան էր, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ նրա գործի քննությունն առանձնացվի «մայր գործից»` տեղափոխվելով անչափահասների դատարան:

Երկուշաբթի օրը դատարանում հնչած բոլոր արդարացումների ֆոնին, սակայն, թուրքական լրատվամիջոցները առանձնացնում են Սամասթի հայտարարության մեկ այլ հատված, որում ասված էր. - «Ես վախենում են Յասին Հայալից»:

Հայալը Դինքի սպանության գործով անցնող առանցքային մեղադրյալներից է: Դատախազությունը հենց նրան է համարում սպանության անմիջական կազմակերպիչ:

Վերջին տարիներին շատ էին խոսում այն մասին, որ Յասին Հայալը դեռ մինչեւ Դինքի սպանությունն ակտիվորեն համագործակցել է թուրքական ոստիկանության հետ: Այս կասկածներն է'լ ավելի ուժեղացան,երբ անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Հայալի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որ կցված էին քրեական գործի նյութերին, ոչնչացվել են Անկարայի ոստիկանության աշխատակիցների կողմից:

«Նման քայլը չէր կարող իրականացվել առանց ոստիկանության ղեկավարների անմիջական հրահանգի», - նշել էր Դինքի սպանության գործով որպես վկա անցնող իրավապահներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG