Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից»


«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում: Իրեն պարտադրված դաժան պատերազմում նա պաշտպանել է իր հայրենիքը, եւ անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիա կատարած այցի շրջանակներում երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Նա փոխանցել է, որ նույն օրը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ հանդիպման ժամանակ սերբ գործընկերոջ խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները:

«Մենք համաձայնեցինք, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, եւ որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից: Պարոն Նախագահը նույն մոտեցումը ցուցաբերեց Կոսովոյի խնդրի հետ կապված` ասելով, որ երբեք Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց միեւնույն ժամանակ զերծ կմնա որեւէ ռազմական գործողություններ վարելուց», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը կարեւորել է այցի շրջանակներում ստորագրված երկու միջկառավարական համաձայնագրերը` օդային հաղորդակցությունների մասին եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին, որոնք, ըստ նրա, «ընդլայնում են մեր իրավապայմանագրային դաշտն ու լավ նախադրյալներ ստեղծում համագործակցության զարգացման համար»:

Երկու երկրների մշակույթի նախարարները ստորագրել են առաջիկա երեք տարիների համագործակցության ծրագիր:

«Ընդհանուր առմամբ, մեր հանդիպումը գնահատում եմ արդյունավետ եւ հույս եմ հայտնում, որ հայ - սերբական քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի եւ արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ այսուհետեւ կկրեն կանոնավոր ու շարունակական բնույթ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը երկուշաբթի օրը հանդիպումներ է ունեցել նաեւ Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչի եւ Ազգային ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է սերբ գործընկեր Վուկ Յերեմիչի հետ:

Սա Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Սերբիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG