Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 5-ի մամուլ


«Անտունի» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ» օրաթերթն արձագանքում է «Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխությանը եւ գրում. - «Կազմակերպիչները տարբեր անվանակարգերում մրցանակ շնորհելուց զատ, նաեւ բնակարանի սերտիֆիկատ ու թանկարժեք ավտոմեքենա նվիրեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: «Տաշիր-գրուպի» ղեկավարությունը բնակարան նվիրեց նաեւ մրցանակաբաշխությունը վարող զույգին. շոումեն Գարիկ Մարտիրոսյանին` Մոսկվայում, իսկ Քսենյա Սոբչակին` Երեւանում: Համաձայնեք, որ երեւույթը տգեղ է. մեր երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ապրում են սոսկալի պայմաններում, հանկարծ այդ մարդիկ հեռուսատեսությամբ տեսնում են, թե ինչպես են հայրենի «աստղերին» նվիրում բնակարաններ ու ավտոմեքենաներ: Այն «աստղերին», որոնք թե’ բնակարաններ ունեն, թե’ մեքենաներ, թե’ ամառանոցներ: Հարկ կա՞ր դիմել նման ցոփության, երբ նույն կազմակերպիչները շատ լավ գիտեն, թե ինչպես է ապրում շարքային հայաստանցին: Խոսքը միայն անտունների մասին չէ, այլ նաեւ նրանց, ովքեր ընտանիքը պահելու համար չեն կարողանում նույնիսկ ծայրը ծայրին հասցնել: Հայաստանում ապրող չքավորների բանակի ֆոնին ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնութագրել սույն նվիրատվությունը, եթե ոչ ցոփության ու շվայտության դրսեւորում: Այդ նվիրատվության գումարով կարելի էր մի քանի գյուղի կենսապահովման խնդիրները լուծել, ինչից տարիներ շարունակ զրկված է հայ գուղացին: Հետաքրքիր է, այդ ո՞ր արժանիքների համար են այդպես շռայլորեն վարձատրվում հայրենի «աստղերը»: Աշխարհով մեկ հայ երգարվեստի տարածման ու քարոզման համա՞ր: Ծիծաղելի է»:

Նույն թեման է արծարծվում նաեւ «Ժամանակ» օրաթերթի խմբագրականում. - « Կիրակի երեկոյան Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունը բառիս բուն իմաստով ցնցել է Հայաստանի հասարակությանը: Գրեթե բոլորը մատնանշում են Հայաստանում բնակարանի, սննդի, հագուստի, տարրական բուժօգնության եւ կրթության կարոտ հարյուր հազարավոր քաղաքացիներին եւ «Տաշիր-2011»-ի ընթացքում Հայաստանի սոցիալապես ապահովված, կուշտ ու կուռ երգիչ-երգչուհիներին նվիրաբերված թանկարժեք նվերները, ինչի համեմատությունն ուղղակի չի տեղավորվում մարդկային բանականության շրջանակում: Եվ այդ շրջանակում էլ հասունանում է մի շատ կարեւոր հարց, որ կապված է հայ մեծահարուստների հետ: Ի՞նչ է նշանակում ժամանակակից հայ մեծահարուստ, ի՞նչ է նշանակում ժամանակակից հայ միլիոնատեր կամ միլիարդատեր: Ի՞նչ արժեհամակարգով են ապրում այդ մարդիկ: Ի՞նչ է նրանց համար հարստությունը` հայ ազգի կենացը հնարավորինս թանկարժեք խմիչքով խմելու հնարավորությո՞ւն, թե՞ սեփական փառասիրությունն ու անձնական հավակնությունները բավարարելու միջոց»:

Ռոբերտ Քոչարյանի կողմից «Հրապարակ» թերթի դեմ դատական հայցի ներկայացման առիթով «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Թերեւս բոլորի համար այլեւս ակնհայտ է, որ անցած տարի Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները նախօրոք ծրագրված են եղել լրատվամիջոցների դեմ այսպիսի հարձակում սկսելու նպատակով միայն: Ու բնական է, որ այդ փոփոխությունների նախագծի հեղինակ Կարեն Անդրեասյանը նշանակվել է Մարդու իրավունքների պաշտպան»:

«Երկիր» օրաթերթը գրում է. - «Մի խումբ մտավորականներ ապրիլի 2-ից Ազատության հրապարակում սկսել են բողոքի սիմվոլիկ ակցիա: Ամեն օր 3 հոգի հերթականությամբ լռությամբ ուղեկցվող նստացույց-հացադուլ են անելու` ի նշան, ինչպես իրենք են բանաձեւում` հասարակական արժեքների անկման, բարոյազրկման դեմ: Առաջին հայացքից թվում է, թե մտավորականների ակցիան խիստ նպատակային է ու արդարացված: Նախ` ակցիայի նախաձեռնողը ոչ թե կուսակցություն է կամ կոնկրետ քաղաքական ուժ, այլ մի քանի քաղաքացիական անձինք: Երկրորդ` շեշտադրումը կատարվում է հասարակական, այլ ոչ թե քաղաքական նշանակության խնդիրներին: Սակայն արտաքին այդ շղարշի ներքո իրականում տեղի է ունենում գործընթաց, որը լիովին տեղավորվում է «Ժառանգության»` մոտ երկու ամիս առաջ սկսած քաղաքական արշավի նպատակների համատեքստում, այսինքն` շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն ու բովանդակություն ունի: Բանն այն է, որ Հովհաննիսյանի նման մտավորականները որեւէ կոնկրետ պահանջ չեն ներկայացնում, չեն հստակեցնում` կոնկրետ ինչ բարքերի, ինչ արատների դեմ են պայքարում: Նրանց պահանջն այնքան ընդհանրական ու վերացական է, որ դրա տակ կարելի է գործնականում հասկանալ ամեն ինչ եւ ոչինչ: Հստակություն չմտցնելով այդ հարցերում` նրանք նաեւ իրենց ազատում են ստեղծված իրավիճակից ելքեր առաջարկելու կամ գոնե դրանց շուրջ հասարակական քննարկումներ ծավալելու պատասխանատվությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG