Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին` պահանջելով հերքել փետրվարի 12-ին հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրում» վերնագրով հոդվածում իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:

Քոչարյանը թերթից նաեւ 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում: Այս ամենից բացի` Քոչարյանի միջնորդությամբ դատարանն արդեն արգելանք է դրել «Հրապարակ» օրաթերթի դրամական միջոցների եւ գույքի նկատմամբ:

Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այս կերպ փորձ է արվում ուղղակի կասեցնել թերթի գործունեությունը:

«Մարտի 25-ին Քոչարյանի լիազորված փաստաբանը դիմել է դատարան, 28-ին դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը եւ միանգամից էլ հայցի ապահովման միջոց է կիրառել` արգելանք է դրել մեր դրամական միջոցների եւ մեր գույքի վրա: Քոչարյանի կողմից դատական պրոցեսներ հարուցելը նորություն չէ, բայց արգելանք դնելը, այսպես ասած, know-how է, առաջին անգամ է կիրառվում: Երեւի մտածել են, որ քիչ է լրատվամիջոցից 6 միլիոն դրամի տույժ ու տուգանք վերցնելը, իրենք հիմա էլ ավելացրել են հայցի ապահովման միջոցի կիրառման մեխանիզմը: Եթե դրամական միջոցները մենք չկարողանանք օգտագործել, հաշվեհամարի վրա որեւէ գործողություն չկարողանանք անել, վաղը ես տպարանին փող չեմ կարող փոխանցել, ինձ որեւէ գումար չի կարող փոխանցվել, մի խոսքով` կատաստրոֆիկ վիճակ», - ասաց Օհանյանը:

Տպագրված հոդվածի մասին Օհանյանն ասում է, որ դա հրապարակախոսական հոդված է, պարզապես լրագրողը վերլուծել է Քոչարյանի այն հայտարարությունը, թե խորհրդարանական ընտրություններից առաջ հանրապետականների ցուցակը համաձայնեցվել է իր հետ:

«Իր կարծիքն է, վերաբերմունքն է, գնահատականներն են, այնտեղ հերքման ենթակա որեւէ փաստ, տեղեկություններ, որը օրենքի պահանջն է, [չկա]: Սահմանադրությունը կարծիք հայտնելու իրավունք է ընձեռում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, եթե մարդուն չի կարելի քննադատել, իր գործունեության հետ կապված կարծիք հայտնել, դա նշանակում է, որ ուղղակի ազատ մամուլը չպետք է գործի այս երկրում», - կարծիք հայտնեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը:

Հարցին, թե արդյո՞ք Քոչարյանի նպատակը թերթը փակելն է, Օհանյանը պատասխանեց. - «Եթե վերջին տարվա ընթացքում նայենք նրա գործողություններին, կարծես թե պատերազմ է հայտարարել տպագիր մամուլին, միգուցե ոչ թե խնդիրը մեր թերթը փակելն է, որքան բոլոր իրեն քննադատողների բերանը փակելը, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի իր հասցեին որեւէ թթու խոսք, որեւէ բացասական գնահատական, որեւէ քննադատություն հնչեցնի, այնպես վախեցնի, որ լրագրողները իր անունը գրելուց միայն դրական որակումներ եւ դրական գնահատականներ տան»:

«Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացված Ռոբերտ Քոչարյանի հայցի քննության առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 10-ին:

Հիշեցնենք, որ դեռ ընթացքի մեջ է Քոչարյանի կնոջ եւ որդու նույնատիպ հայցը ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG