Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակը «նվաճելու» որոշումը ժողովուրդը կկայացնի


ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, մարտ 17, 2011

ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, մարտ 17, 2011

ՀԱԿ-ի եւ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները քննարկում են Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից մարտի 17-ի հանրահավաքին իշխանություններին առաջադրված երեք պահանջների կատարման ընթացքը:

Մարտի 17-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին երեք պահանջ ներկայացրեց` «ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, թույլատրել ընդդիմությանը Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել եւ իրավապահ մարմիններին մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունները բացահայտելու հրահանգ իջեցնել»: ՀԱԿ-ը ընդգծել էր, որ այս պահանջների կատարումը հնարավոր կդարձնի իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը:

Սակայն, ըստ էության, Տեր-Պետրոսյանի կողմից մատնանշած հերթական պահանջներից ոչ մեկը կատարված չէ: Ընդհակառակը` քաղաքապետարանը թույլ չտվեց ՀԱԿ-ին ապրիլի 8-ի հանրահավաքը անցկացնել Ազատության հրապարակում, մերժվեց նաեւ ապրիլի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը գնահատում իշխանությունների կողմից իրենց պահանջները չկատարելու եւ երկխոսության չգնալու փաստը, ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց, թե ապրիլի 8-ի հանրահավաքում «իրենք կոնկրետ իրավիճակի եւ կոնկրետ արդյունքների հիման վրա եզրակացություն կանեն»:

«Եթե ինչ-որ պահի մենք երկխոսության հնարավորությունը եւ նաեւ այս պահանջների կատարման դինամիկան համարենք սպառված, ապա ստիպված կլինենք խոսել նաեւ վերջնագրի լեզվով», - ասաց Մուսինյանը:

Հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը ունի վերջնաժամկետ իշխանությանը վերջնագիր ներկայացնելու հարցում, Մուսինյանը պատասխանեց. - «Ես հիմա չեմ մեկնաբանի, բայց ՀԱԿ-ը, ունենալով հասարակական լայն աջակցություն, կուռ թիմ, ի վիճակի է կայացնել որոշումներ եւ այդ որոշումները իրագործել, ինչպես եղավ, օրինակ, Ազատության հրապարակի պարագայում, երբ մենք կայացրեցինք որոշում նվաճելու հրապարակը եւ նվաճեցինք»:

Արման Մուսինյանի խոսքով` ապրիլի 8-ին ժողովուրդը կորոշի նորից նվաճել Ազատության հրապարակը, թե` ոչ:

Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ասաց թե ՀԱԿ-ը, այդ պահանջները դնելով, ընդամենը նպատակ ունի դիվիդենտներ ստանալ: Ըստ նրա` անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու երկու ճանապարհ կա` նրանք կա'մ պետք է դիմում գրեն ներման համար, կա'մ նրանց պետք է պայմանական ազատ արձակելու ժամկետը լրանա:

Մարտի 1-ի սպանությունների բացահայտման պահանջին անդրադառնալով` Սահակյանը նշեց, թե անբարոյական է, երբ քաղաքական դիվիդենտներ շահելու համար անընդհատ թմբկահարվում է 10 զոհերի անունները: Նրա կարծիքով, եթե լինեն փաստեր, ապա կամքը կա, որ այդ սպանությունները բացահայտվեն:

Ինչ վերաբերում է Ազատությանը հրապարակը ընդդիմությանը տրամադրելուն, ապա Հովհաննես Սահակյանը ասաց, թե մարտի 17-ին թույլ տվեցին, բայց բոլորն էլ տեսան, որ որեւէ արտառոց բան տեղի չունեցավ:

«Ազատությանը հրապարակը ընդդիմության անգործությունը թաքցնելու կամ քողարկելու որոշակի պատրվակ էր: Թույլատրվեց, մտան Ազատության հրապարակ: Որեւէ արտառոց բան եղա՞վ: Այսինքն, ընդդիմության հիմնական կազմակերպիչների տոնայնության, գաղափարների, խոսքի, ծրագրի մեջ որեւէ փոփոխություն, որեւէ այլընտրանք չառաջարկվեց Ազատության հրապարակում: Սա ուղղակի, նմանվում է փոքր երեխայի քմահաճության, որ եթե կոնֆետ չես տալիս, ուրեմն ես իմ դասերը չեմ անի», - ասաց Սահակյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG