Մատչելիության հղումներ

logo-print

Գնաճը Հայաստանում կազմել է 11.5 տոկոս


ԱՎԾ-ի վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը (ձ) եըւ փորձագետ Հարություն Մեսրոպյանը մամուլի ասուլիսում: 4-ը ապրիլի, 2011թ.

ԱՎԾ-ի վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը (ձ) եըւ փորձագետ Հարություն Մեսրոպյանը մամուլի ասուլիսում: 4-ը ապրիլի, 2011թ.

Ըստ պաշտոնական վիճակագրության, 12-ամսյա կտրվածքով Հայաստանում գնաճը կազմել է 11.5 տոկոս: Ընդ որում` պարենային ապրանքների գծով գնաճը կազմել է ավելի քան 17 տոկոս:

Ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը փորձեց հերքել առաջին եռամսյակի ցուցանիշների կեղծելու վերաբերյալ կառույցի հասցեին հնչած մեղադրանքը:

«Երեք ամսվա ընդհանուր գնաճը հանրապետությունում կազմել է 5.2 տոկոս: Եվ սա ծրագրավորված, ըստ միջազգային 6 խոշոր կազմակերպությունների կողմից հրապարակված Սպառողական գների ինդեքսի հաշվարկման ձեռնարկի եւ Աշխատանքի վիճակագիրների միջազգային կոնֆերանսի 2003 թվականի բանաձեւի, պետք է յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայվի սպառողական գների ինդեքսի հաշվարկման զամբյուղը, կազմը եւ կառուցվածքը», - հայտարարեց Մարտիրոսյանը:

Անցած շաբաթավերջին, հիշեցնենք, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե անհամապատասխանություն է նկատել գնաճի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալներում, եւ իրականում եռամսյա կտրվածքով գնաճը երկրում կազմել է 5.6 տոկոս:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, ով նույնպես լուրջ կասկածի տակ դրեց վիճակագրական ծառայության նեկայացրած թվերն ու մեթոդաբանությունը: Նրա խոսքով, Հայաստանում աղքատության շեմը վերջին երկու տարում ավելացել է 11 տոկոսով, իսկ անապահով խավի կողմից սպառվող ապրանքների գնաճը իրականում շատ ավելի մեծ է:

«Նայեք, թե կարտոֆիլը ինչքան է թանկացել, շաքարավազը, հացը եւ այլն, որ դուք 25-ից ցածր չեք իջնի», - ասաց փորձագետը` շարունակելով. - «Վերցրեք մոտ 40 ապրանք` սննդամթերքի զամբյուղը, եւ կոմունալ` էլեկտրաէներգիան եւ այլն. այս երեք ամսվա [համար] ինձ մոտ ստացվում է 20 տոկոսից ավելի` տարեկան կտրվածքով»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում 13 պարենային ապրանքախմբերից 10-ում արձանագրվել է գնաճ: Ընդ որում` ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղեն-կարտոֆիլի (35 տոկոս), մրգի (25 տոկոս), շաքարավազի (6.8 տոկոս) եւ հացամթերքի գծով (մոտ 5 տոկոս):

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմում է 32 հազար 500 դրամ, մինչդեռ ԱՎԾ-ի ներկայացուցիչը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հաստատեց, որ տարբեր հաշվարկներով, այսօր նվազագույն սպառողական զամբյուղը զգալիորեն գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը:

«Նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկ առաջին եռամսյակի համար դեռեւս արված չէ, իսկ չորրորդ եռամսյակում ըստ 1.55 գործակցի, կազմել է 45.737 դրամ, իսկ 1.77 գործակցով` 52.229 դրամ», - փոխանցեց Մարտիրոսյանը:

Հարություն Մեսրոպյանը քննադատեց կառավարության սոցիալական նշանակություն ունեցող առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը զսպելու նպատակով հայտարարված առայժմ միակ նախաձեռնության համար, որը, հիշեցնենք, ենթադրում է մանրածախ գների վերին շեմի սահմանում մեկ ամսում 30 տոկոսից ավելի գնաճի արձանագրման դեպքում:

Մեսրոպյանի խոսքով, ցանկացած ուժային քայլ առաջ է բերում հակազդեցություն: Իսկ ստեղծված իրավիճակում «ամենածանր, բայց նաեւ ամենաարդյունավետ քայլը կլիներ մենաշնորհները կոտրելը», ինչը արվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Բայց, այնուամենայնիվ, սա արդեն փրփուրներից բռնվելն է», - հավելեց նա:

Փորձագետի համոզմամբ, տարեվերջին 6 տոկոս գնաճ ունենալու մասին կառավարության հայտարարությունները ավելի շուտ ցանկությունների, քան իրականության դաշտից են:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG