Մատչելիության հղումներ

Երեւանի Ազատության հրապարակում տեղադրված մանկական ատրակցիոնները անցած շաբաթվա վերջին հանվել են քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դրանք հանվել են, քանի որ հրապարակում ատրակցիոնների տեղակայման ժամկետը լրացել էր եւ պայմանագիրը չի երկարացվել:

«Հիմա ամառվա ամիսներ են, երեխաները շատ ավելի շատ են իրենց խաղերը կազմակերպում այլ ձեւերով», - պայմանագիրը չերկարաձգելու պատճառը պարզաբանեց քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման բաժնի պետը:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հրապարակը ազատվել է ընդդիմադիրների ակցիաների եւ ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի անցկացնելիք հանրահավաքին ընդառաջ, Գագիկ Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը քաղաքական գնահատականներ չի տալիս:

Նա, միաժամանակ, հավելեց, որ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքները մինչ այժմ մերժելու հիմք հանդիսացող մշակութային եւ սպորտային միջոցառումները շարունակվելու են մինչեւ մայիսի 15-ը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գոհունակություն հայտնեց, որ հրապարակն ազատվել է, իր բնորոշմամբ, այդ «այլանդակությունից»:

«Ամենատգեղ բանը այն էր, որ փորձեցին երեխաների «կենդանի վահանը» կիրառել. այդ խաղալիքները բերեցին հրապարակ մեկ նպատակով, որ հասարակությանը ասեն` ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ ընդդիմությունը գա եւ խաթարի երեխաների հանգիստը», - կարծիք հայտնեց Զուրաբյանը:

Հարցին, թե արդյո՞ք ուրբաթ օրը ընդդիմությունը կրկին մտնելու է Ազատության հրապարակ, ՀԱԿ-ի համակարգողը պատասխանեց. – «Մենք պետք է ժողովրդի հետ միասին որոշենք ապրիլի 8-ին, թե ինչ ենք անելու: Կարծում եմ, որ նորից շղթայված է լինելու հրապարակը ոստիկանության կողմից, քանի որ քաղաքապետարանը, այս անգամ արդեն ոտնահարելով հարյուր հազար մարդկանց դիմումը, նորից արգելեց [հանրահավաքի անցկացումը]: Վստահ եմ, որ մենք հասնելու ենք Ազատության հրապարակի վերջնական ազատագրմանը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG