Մատչելիության հղումներ

logo-print
Ապրիլի 2-17–ը Թուրքիայում անցկացվում է տարածաշրջանի խոշոր կինոփառատոններից մեկը` Ստամբուլյան միջազգային կինոփառատոնը։

Այն անցկացվում է արդեն 30–րդ անգամ։ Ծրագրում 200 նոր ֆիլմեր են ընդգրկված, սպասվում են նաեւ հետահայաց ցուցադրություններ:

«Ստամբուլյան փառատոնի ընթացքում՝ ապրիլի 12-ին, կկայանա նաեւ հայ–թուրքական համատեղ արտադրության 5 ֆիլմերի համաշխարհային պերմիերան: Երկու թուրք եւ 3 հայ ռեժիսորների՝ Դիանա Կարդումյանի, Արթուր Սուքիասյանի, Գոռ Բաղդասարյանի, Կանայ Օզդենի եւ Գյուլեն գյուլ Ալթինթասի ֆիլմերը կներկայացվեն մրցույթից դուրս` առանձին ծրագրով»,- ասում է հայաստանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

«Դրանք մրցույթի մեջ չեն, բայց ինքնին փաստը՝ հայ–թուրքական համատեղ ֆիլմերի ստեղծման եւ համագործակցության, շատ կարեւոր է», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց «Ոսկե ծիրան»–ի գեղարվեստական ղեկավարը։

Փառատոնին ներկայացվող այս ֆիլմերը ստեղծվել են հայ–թուրքական կիոպլատֆորմի շրջանակներում: Պլատֆորմը հիմնադրվել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի եւ «Անադոլու Քուլթուր» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` նպատակ ունենալով համատեղ գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծել:

«Եւ ահա այս նախաձեռնության արդյունքը ներկայացվելու է միջազգային խոշոր փառատոնում, ինչը շատ ոգեւորիչ է»,– կարծում է Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնին զուգահեռ նաեւ հայ–թուրքական պլատֆորմի աշխատանքային սեմինար կանցկացվի, որի ընթացքում, հույս ունեն նոր համատեղ աշխատանքների հիմքերը դնել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG