Մատչելիության հղումներ

Ապրիլի 2-ի մամուլ


«Ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Թեեւ Հայաստանի քաղաքական դաշտում հստակ ուրվագծվում են առաջատար քաղաքական սուբյեկտները, այդուհանդերձ վերջին ներքաղաքական իրադարձությունները եւ դրանց հանրային ընկալումն ու արձագանքները վկայեցին, որ Հայաստանն այսօր կանգնած է ներքաղաքական դաշտի «գույքագրման» անհրաժեշտության առաջ: Խոսքն, օրինակ, Արթուր Բաղդասարյանի մասին է, որն ավելի երկար մնաց ընդդիմություն, քան ասենք` Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանը, բայց որն ավելի խայտառակ ձեւով վերածվեց իշխանության, քան հենց նույն Մանուկյանն ու Գեղամյանը: Պետք է փաստենք, որ այսօր դաշտում նոր սուբյեկտի մուտք չկա եւ մուտքի հավանականություն էլ չկա: Ըստ երեւույթին, ելքն այն է, որ ամեն քաղաքական սուբյեկտ ինքն իրեն հաշվի, համարակալի, ինքն իր տեղը ճշտի եւ հստակ ներկայացնի, առանց «ոսկե միջինների», «կենտրոնների», «կառուցողական» կամ «շինիչ» տարբերակների»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Եվ այսպես, «Ժառանգությունը» մտադիր է նոր կոնգրես ստեղծել: Իրենք, իհարկե, այլ ձեւակերպում են գտել. ուզում են ձեւավորել «ընդդիմության միասնական ճակատ», որին «կարող է մասնակցել նաեւ ՀԱԿ-ը» (ինչպիսի բացառիկ մեծահոգություն): Մի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է մեկ առ մեկ կրկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերը: Ի դեպ` վատ մարտավարություն չէ: Հիշո՞ւմ եք, 2008 թվականի քարոզարշավի ժամանակ Արթուր Բաղդասարյանը նույն բանն էր անում: Առավել արմատական հայացքներ ունեցող ընդդիմադիրները հրապարակային քննարկումներ են կազմակերպում եւ կարծիք հնչեցնում, թե եթե ընդդիմության առաջնորդները ժողովրդին տուն չուղարկեն, Հայաստանում իշխանափոխությունը լավ էլ հնարավոր է: Խնդիրն այն չէ` ճի՞շտ են ասում, թե ոչ: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է այդ մասին ասվում հրապարակավ (մենք, իհարկե, դավադրությունների տեսության կողմնակից չենք եւ չենք հարցնի, թե ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի ամենաերկչոտ կառույցներից մեկը համարձակվում է նման հայտարարությունների համար դահլիճ տրամադրել): Նման հայտարարություններ անողներն իսկապես մտածում են, որ Կոնգրեսի ղեկավարների մտքով չի՞ անցել այդ տարբերակը, եւ իրենք այդ հարցը երբեւէ չե՞ն քննարկել: Կարող եք վստահ լինել` քննարկել են: Ավելին` ցանկության դեպքում այդ հայտարարությունների հեղինակներն իրենք կարող էին մասնակցել քննարկումներին եւ ներկայացնել իրենց փաստարկները (ամենայն հավանականությամբ` նման բան էլ եղած կլինի)»:

«Առավոտ»-ի խմբագիրը նույն խնդրով գրում է. - «Եթե ես երբեմն չեմ հասկանում Հայ ազգային կոնգրեսին, ապա հաստատ ավելի քիչ եմ հասկանում դրա այն քննադատներին, որոնք «արմատականության» եւ «վճռականության» կոչեր են անում: Ընդ որում, չի բացահայտվում, թե որն է այդ «վճռական մարտավարության» էությունը: Երբ ասում են` «ոչ` ընտրություններին», «իշխանափոխության հասնենք առանց ընտրությունների», ես դա լավ չեմ ընկալում: Ապա ինչպե՞ս: «Դրո» կառույցը եւ Նաիրի Հունանյանը ունեին իշխանափոխության այլ ծրագրեր, բայց դրանք, բարեբախտաբար, հասարակության մեծամասնության կողմից չեն ընդունվում: Իհարկե, բողոքական զանգվածի մեջ միշտ էլ եղել են եւ կան մարդկանց խմբեր, որոնք ասում են` «սրանց պետք է վառել, ոչնչացնել» եւ այլն, սակայն ոչ մի քաղաքական ուժ չի կարող խրախուսել այդ տրամադրությունները, եթե չի ուզում իսկապես հայտնվել լուսանցքում»:

«Հայոց աշխարհ»-ը Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին հարցնում է. - «Արմատական լիդերները հայտարարում են, որ ՀԱԿ-ի մինիմում-խնդիրը` ժամանակի գլխավոր հրամայականը, Թատերական հրապարակը գրավելն է, ինչպես իրենք են ասում` «Ազատության հրապարակը ազատագրելը»։ Կարելի՞ է ասել, որ այս դեպքում էլ Թատերական հրապարակը հենց այն տեղն է, որտեղ Տեր-Պետրոսյանը պետք է անցկացնի իր թատերականացված քաղաքական ակցիաները»։ Պատասխան. - «Դուք ասացիք` ՀԱԿ-ը օգտագործում է «Ազատության հրապարակ» արտահայտությունը։ Այսինքն` նայած ով ինչպես է պատկերացնում իր ապագա գործողությունները։ Բայց հարց է առաջանում` ինչո՞ւ չանցկացնել Ազատության հրապարակում. ինչ-որ հատուկ արգելա՞նք կա Ազատության հրապարակի նկատմամբ։ Խնդիրը տեղը չէ։ Խնդիրը տեղի խորհուրդն է։ Ցանկացած տեղում կարելի է հանրահավաք անցկացնել, Մատենադարանը նույնպես հանրահավաքի անցկացման վայր է դեռեւս 89-90 թվականներից, բայց օպերային թատրոնի հարակից հրապարակը` Ազատության հրապարակը, Թատերական հրապարակը, մեր ազգային զարթոնքի խորհրդանիշն է։ Եվ ես հասկանում եմ, որ ընդդիմությունը, հատկապես ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այստեղ որոշակի խորհուրդ է տեսնում»։

«Երկիր»-ը գրում է. - «Պատահականության արդյունք էր, թե ոչ, բայց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Քալմի-Ռեյի այցը Հայաստան տեղի ունեցավ ապրիլի 24-ին ընդառաջ: Այսինքն` երբ աստիճանաբար ավելի ու ավելի ակտուալ է դառնում ոչ միայն կամ ոչ այնքան Ցեղասպանության ճանաչման, որքան հայ - թուրքական հաշտեցման արձանագրությունները վավերացնելու հարցը: Երեւանում նախագահի եւ Ազգային ժողովի ղեկավարի հետ հանդիպումներում քննարկված օրակարգային հարցերը ցույց տվեցին, որ տիկին Քալմի-Ռեյը Հայաստան էր եկել ոչ այնքան Շվեյցարիայի նախագահի, որքան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջնորդի կարգավիճակով: Եվ Հայաստան այցելելով` նա սառեցված հաշտեցման գործընթացը շարունակելու հարցում Շվեյցարիայի պատրաստակամությունը հենց ապրիլի 24-ից առաջ վերահաստատելու խնդիր էր հետապնդում»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG