Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանին ավելի շատ հարկավոր են ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխություններ»


Ռիչարդ Կիրակոսյան

Ռիչարդ Կիրակոսյան

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, ով վերջերս է հիմնադրել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (Regional Studies Center) եւ կենտրոնի տնօրենն է, ասում է, որ իր ղեկավարած հետազոտական հաստատությունը փոքր-ինչ տարբերվելու է հայաստանյան մյուս վերլուծական կենտրոններից ու հայաստանյան իրադարձություններից բացի իր ուշադրության կենտրոնում է պահելու զարգացումները հարակից երկրներում` Թուրքիայում, Իրանում, Վրաստանում ու Ադրբեջանում:

Այդ մասին Կիրակոսյանը, ով նախկինում ղեկավարում էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, ասաց շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Այն, ինչի շուրջ մենք աշխատում ենք, իրենից ներկայացնում է մի քանի ծրագրեր: Ուսումնասիրում ենք իրադարձությունները Իրանում, նրա շուրջ եւ հայ - իրանական հարաբերությունները: Ունենք հետազոտական ծրագիր` կապված Թուրքիայի հետ: Բայց ես կցանկանայի առանձնացնել [Հայաստանի] ազգային անվտանգության ու ռազմական բարեփոխումների վերաբերյալ հետազոտական ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում մենք ուշադրություն ենք դարձնելու բանակում մարդու իրավունքների խնդիրներին եւ հայաստանյան զինված ուժերի ու անվտանգության համակարգի բարեփոխումների ուժեղացմանը, հետազոտությունները նաեւ վերաբերելու են կիբեր-անվտանգությանը», - նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

«Մենք ուսումնասիրելու ենք նաեւ, թե ինչ ազդեցություն են ունենալու մերձավորարեւելյան զարգացումները Հայաստանի վրա` հատկապես այսօր տարածաշրջանում շարունակվող հեղափոխությունների ալիքի համատեքստում: Մենք հետազոտելու ենք նաեւ Հայաստանի առջեւ ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները` հարաբերությունները Արեւմուտքի, առնչությունները Եվրամիության Արեւելյան գործընկերության ռազմավարության հե՞տ, թե՞ հայ - ռուսական հարաբերությունները», - ասաց Տարածաշրջանային հետազոտությունների նորաստեղծ կենտրոնի ղեկավարը:

Ըստ Կիրակոսյանի, կենտրոնի հետազոտությունները հիմնականում ունենալու են երեք խումբ հասցեատերեր. - «Առաջին եւ ամենակարեւոր [խումբն է] Հայաստանի կառավարությունը եւ քաղաքական կուսակցությունները` ներառյալ ընդդիմադիր ուժերը: Նպատակը հասարակական եւ քաղաքական բանավեճերը անձերից դեպի քաղաքական գծեր շեղելն է: Երկրորդ խումբը միջազգային հանրությունն է: Նպատակը` որպեսզի աշխարհում ավելի լավ հասկանան Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները; Երրորդ խումբը, որը, թերեւս, ամենաբարդն է, հայաստանյան հանրությունն է: Այս խմբի պարագայում նպատակը հասարակական գիտակցության աճն է` թե ինչ է կատարվում Հայաստանում եւ թե դա ինչ է նշանակում Հայաստանի համար: Այսինքն` մենք աշխատելու ենք հասարակական բոլոր սեգմենտների, քաղաքական ուժերի, կառավարության ու միջազգային հանրության հետ»:

Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ` ներկայումս Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող զարգացումները առաջին հերթին ունեն ներքին բնույթ. - «Դրանք են` [Հայաստանում առկա] տնտեսական անարդարությունը, օլիգարխների շահերը: Եվ սրանք ի ցույց են դնում համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը: Կարծում եմ, Հայաստանին ավելի շատ հարկավոր են ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխություններ: Մենք մեր հետազոտություններով փորձելու ենք նաեւ ցույց տալ, թե այս ամենում ինչ դեր կարող է խաղալ Սփյուռքը, միջազգային հանրությունը»:

«Այսինքն` կարեւոր է կենտրոնանալ Հայաստանի բոլոր բնագավառներում ավելի լուրջ ու արագացված բարեփոխումների վրա», - ամփոփեց վերլուծաբանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG