Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքական Taraf պարբերականը շարունակում է հրապարակել WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված` Թուրքիային վերաբերող ամերիկյան դիվանագիտական հաղորդագրությունները:

Դրանց հերթական չափաբաժինը նվիրված է Քրդական բանվորական կուսակցությանն ու այն օժանդակությանը, որ այդ կառույցին ցուցաբերել են օտարերկրյա պետությունները:

Գաղտնազերծված փաստաթղթերի թվում է նաեւ նախկին պետքարտուղար Ուորեն Քրիսթոֆերի` 1993 թվականի հուլիսի 20-ով թվագրված գաղտնի նամակը` ուղարկված Երեւանում եւ Անկարայում ԱՄՆ-ի դեսպաններին:

«Այն մեղադրանքները, որ ուղղվում են պաշտոնական Երեւանին, թե այն աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը, լրջորեն մտահոգում են Միացյալ Նահանգներին», - գրել է նախկին պետքարտուղարը` նշելով. - «Եթե այս մեղադրանքերը հաստատվեն եւ ապացույցներ ի հայտ գան, ապա Երեւանը շատ ուժեղ ճնշման տակ կհայտնվի»:

Ուորեն Քրիսթոֆերը ամերիկացի դիվանագետներին խորհուրդ է տվել առժամանակ զերծ մնալ այս հարցը թուրքական իշխանությունների հետ քննարկելուց` նշելով. - «Այս խնդիրը թուրքերի հետ բանակցություններում մենք չպետք է անգամ հիշատակենք, քանի դեռ չենք քննարկել այն հայերի հետ»:

Ընդհանուր առմամբ, դատելով WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից, ամերիկյան դիվանագիտությունը բավական մեծ ուշադրությամբ է հետեւել Քրդական բանվորական կուսակցության գործունեությանը, հատկապես` այդ կազմակերպության արտաքին կապերին:

Մեկ այլ ամերիկյան հաղորդագրության մեջ, օրինակ, ասված է. - «Քրդաբնակ շրջաններից դուրս Քրդական բանվորական կուսակցությունը ակտիվորեն գործում է նաեւ Մոսկվայում, ինչպես նաեւ Կիպրոսի հարավարեւմտյան շրջաններում»:

2003-2004 թվականների հրապարակված փաստաթղթերում էլ ամերիկացի դիվանագետները նշում են, թե թուրքական քաղաքական մի շարք շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ պաշտոնական Վաշինգտոնը ակտիվորեն աջակցում է քրդական անջատական շարժմանը: «Այս լուրերը տարածում են Թուրքիայի աշխատավորական կուսակցությանը մոտ կանգնած լրատվամիջոցները, մասնավորապես` Aydinlik թերթը: Թեեւ այս պարբերականի տպաքանակը մեծ չէ, կուսակցությունն էլ լայն ժողովրդականություն չի վայելում, անուհանդերձ, թուրքական վերնախավի եւ մտավորականության մի զգալի մասը հակված է մտածել, որ այս պնդումները համապատասխանում են իրականությանը», - 2003-ին գրել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Պիրսոնը:

Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին ամերիկացի դիվանագետը բնութագրում է որպես «ձախ ազգայնական հայացքների տեր մի գործիչ, որը սերտ կապեր ունի բանակի եւ անվտանգության ծառայության հետ»:

Փերինչեքը Թուրքիայի առաջին քաղաքացիներից մեկն էր, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական հետապնդման ենթարկվեց Շվեյցարիայի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG